Բաժիններ՝

«Հրապարակելու ենք տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր առաջին քայլը կլինի Ազգալդյանի անունով կոչելու Լենինգրադյան փողոցը». Գեղամ Օհանյան

Արցախյան ազատամարտի հերոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 22-ին, «Խարույկ» արշավական ակումբը կանցկացնի քայլերթ-պահանջ՝ ուղղված հերոսի արժևորմանը։

Նախաձեռնության անդամների գլխավոր պահանջն այն է, որ նոր կառավարությունն Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով պետք է անվանակոչի Երևանի Լենինգրադյան կամ կենտրոնական փողոցներից որևէ մեկը։
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Երեք տարի առաջ ստորագրահավաք սկսվեց, որպեսզի Լ. Ազգալդյանի անունով կոչվի Լենինգրադյան փողոցը: Հավաքվեց մոտ 10 000 ստորագրություն, և նամակով դիմում եղավ քաղաքապետարանին: Նախորդ տարի ինչ-որ քննարկումների արդյունքում Ազգալդյանի անվամբ էր կոչվել երրորդային մի փողոցի մեկ երրորդ հատվածը, ինչը, ըստ մեզ՝ վիրավորական պատասխան էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Նախորդ տարի Հերոսի 75-ամյակին Երևանում կազմակերպվեց բազմամարդ երթ, նվիրված Հերոսի հիշատակին: Երթն ուղեկցվեց պահանջով և հորդորով, բայց խնդիրը մինչ այսօր լուծված չէ: Եվ, ինչպես նախորդ տարի երթի ժամանակ խոստացել էինք, ամենամյա քայլերթերը չեն դադարելու, մինչև խնդիրը չլուծվի»:

Նշենք, որ նախաձեռնության անդամները հայտարարել են, որ պահանջելու են նաև, որպեսզի Լեոնիդ Ազգալդյանին շնորհվի Ազգային հերոսի կոչում։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինգրադյան փողոցը չանվանափոխելու հանգամանքը բացատրել էր նրանով, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցում են և քույր քաղաքներ են:

Փոխարենը՝ Տ. Մարգարյանի որոշմամբ, Լ. Ազգալդյանի անունով կոչվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը։

Հիշեցնենք նաև, որ 2017թ. օգոստոսի 29-ին այն ժամանակ դեռևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և բարձրացրել Երևանի փողոցներն անվանափոխելու անհրաժեշտությունը։

Այսպիսով՝ Ն. Փաշինյանն առաջարկում էր․

«1. Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով։

  1. Երևանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։
  2. Երևանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։
  3. Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։
  4. Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով։
  5. Իսակովի Պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։

Երևանի ավագանիում «Ելք» խմբակցությունն առաջարկներն արդեն ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար»,- գրել էր Փաշինյանը։

Սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս պահանջի մասին կարծես թե մոռացվեց։

168.am-ի հետ զրույցում Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնության կազմակերպիչ Գեղամ Օհանյանը նշեց, որ հույսեր են կապում նոր կառավարության հետ, հատկապես այն դեպքում, երբ նույն պահանջով տեղի ունեցած նախորդ տարիների միջոցառումներին նոր կառավարության որոշ անդամներ  մասնակցել են և հնչեցրել մտքեր, որ պատրաստ են Լենինգրադյան փողոցն անվանակոչել Լ. Ազգալդյանի անունով։

«Շուտով մենք հրապարակելու ենք տեսանյութ, որտեղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր առաջին քայլը կլինի Ազգալդյանի անունով կոչելու Լենինգրադյան փողոցը։ Հուսանք, այս իշխանությունները չեն կրկնելու նախորդների սխալը, քանի որ այն իրենց վրա է անդրադառնալու, ոչ թե մեր։ Այս միջոցառումը մենք շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին։ Երևանի քաղաքապետարանը ավագանու հաջորդ նիստում ամենայն հավանականությամբ այդ հարցը կքննարկի»,- ասաց Գ. Օհանյանը։

Անդրադառնալով Լ. Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու պահանջին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ նախորդ կառավարությունն Ազգալդյանի հետ խնդիրներ ուներ անգամ հետմահու։

«Պատերազմի տարիներին Լ. Ազգալդյանը ոչ միայն չէր ենթարկվել, այլև հակադրվել էր նախորդ կառավարության որոշ անդամներին, կոպիտ ասած, նրանք ունեն նաև անձնական խնդիրներ, որի արդյունքում էլ նրանք չգնացին այդ քայլին։ Հուսանք, կառավարությունն այսօր ճիշտ կգնահատի, որովհետև Ազգալդյանն արժանի է այդ կոչմանը, նույնիսկ շատերի փոխարեն, որոնք այսօր ազգային հերոս են»,- շեշտեց Գեղամ Օհանյանը։

Ի դեպ, օրերս 168.am-ը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ճշտել է, թե քաղաքապետարանի օրակարգում կա՞ Լենինգրադյան փողոցը Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու հարց, Մարությանը պատասխանել է, որ նման հարցերը քննարկում են իրենց դաշինքում.

«Այս պահին նման քննարկում չկա, երբ կլինեն քննարկումներ, այն ժամանակ հարցին հստակ պատասխան կտամ»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս