Իրանում «Մետաղադրամների սուլթանին» մահապատժի են ենթարկել տնտեսությունը քայքայելու մեղադրանքով
Իրանում նոյեմբերի 14-ին կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկել երկու մարդու, որոնց իշխանությունները մեղադրել են արտարժույթի եւ ոսկեդրամների հետ կապված մեքենայությունների մեջ: Այդ մասին գրել է Financial Times թերթը:
«Մետաղադրամների սուլթան» մականունով Վահիդ Մազլումինը եւ նրա մեղսակից Մոհամադ Ղազեմին Իսլամական հեղափոխական դատարանի կողմից մահապատժի են դատապարտվել հոկտեմբերին «խոշոր ծավալով արտարժույթների եւ ոսկեդրամների ապօրինի գործարքների եւ մաքսանենգության» միջոցով «տնտեսական, արժութային եւ դրամական համակարգերի քայքայման» համար:
Իրանի Fars պետական լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ Մազլումինը, որը ոսկու կամ արտարժույթի առեւտրի թույլտվություն չի ունեցել, ստեղծել է երկրում խոշորագույն ընդհատակյա ցանց, որն զբաղվել է այդ ակտիվների սպեկուլյացիաներով:
Մազլումինի ցուցումով նրա թիմը գնել է ոսկեդրամներ՝ բարձրացված գներով դրանց հետագա վաճառքի նպատակով, ինչի արդյունքում նա շուրջ 2 տոննա ոսկեդրամ է հավաքել: Մազլումինն այս տարի ավելի վաղ մեկ տասնյակ մարդկանց հետ կալանավորվել էր այն բանից հետո, երբ իրանական ռիալի փոխարժեքն սկսել էր կտրուկ իջնել երկրի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փուլի սպասումների պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: