Իրանի նախագահը Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները համարել է ԱՄՆ-ի սխալը
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները դարձան Վաշինգտոնի սխալը, որն անտարակույս կբերի ամերիկացիների պարտությանը: Այս դիրքորոշմամբ նոյեմբերի 14-ին հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
«ԱՄՆ-ը անպայմանորեն պարտություն կկրի: Ճանապարհը, որը նրանք ընտրել են, սխալ է,- Ռոուհանիի խոսքը մեջբերել է ILNA գործակալությունը:- Բոլորի համար էլ ակներեւ է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի կամայական պատժամիջոցներն ուղղված են մեր ժողովրդի դեմ»:
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղակիորեն հակասում է այն սկզբունքներին, որոնց մասին հայտարարում են այդ երկրի ներկայացուցիչները: «Եթե ամերիկացիները ճիշտ են ասում եւ իրապես ձգտում են անվտանգություն հաստատել տարածաշրջանում, ապա դա ելք չէ: Իսկ եթե նրանք իրոք հարգանքով են վերաբերվում իրանական ժողովրդին, ապա քաղաքականությունը դրան հակասում է»,- հավելել է Ռոուհանին:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախօրյակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա: «Մենք գտնում ենք, որ Իրանի կառավարությունը մեծ ճնշում է զգում, եւ մենք մտադիր ենք շատ ուժեղ ճնշել նրանց»,- լրագրողներին ասել է Բոլթոնը Սինգապուրում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «զգալիորեն կուժեղացնի հսկողությունը պատժամիջոցների ռեժիմի կատարման նկատմամբ»:«Ոչ մի կասկած չկա, որ Իրանն արդեն փորձում է պատժամիջոցներից խուսափելու ուղիներ գտնել ինչպես նավթի ճյուղում, այնպես էլ ֆինանսական շուկաներում»,- նշել է Բոլթոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: