Բաժիններ՝

Գյումրու տիկնիկային թատրոնը նոր շունչ առած շարունակում է տարածել հեքիաթի շունչն ու գույները

Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը շարունակում է նոր ներկայացումներով ուրախացնել երեխաներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը պատմեց Հայաստանի առաջին՝ ավելի քան 80-ամյա, սակայն հոգով միշտ երիտասարդ թատրոնի խնդիրների, ձեռքբերումների, նորամուծությունների, տիկնիկային արվեստի նկատմամբ երեխաների ավելի մեծ հետաքրքրության մասին:

Տնօրենի ընտրությունը

Մեր թատրոնում նախկին տնօրենն անցել էր թոշակի, և հարց էր առաջ եկել, որ նոր տնօրեն պիտի գա: Մեզ մոտ մի փոքր պատմությունը խառն էր՝ Գյումրու քաղաքապետարանի կողմից նշանակվել էր տնօրեն, որը թատրոնի անձնակազմի համար այնքան էլ ցանկալի չէր: Անձնակազմը որոշում կայացրեց, որ տնօրեն պետք է լինի այն անձը, ով քաջածանոթ է թատրոնի խնդիրներին և թատրոնի մարդ է: Հենց այդ ճանապարհով էլ ես ընտրվեցի ժամանակավոր պաշտոնակատար:

Երեք ամիս ես պետք է ժամանակավոր պաշտոնակատար լինեմ և արդեն մեկ ամիս է, ինչ ղեկավարում եմ թատրոնը:

10 տարի բեմադրող-ռեժիսոր եմ և հիմնավորապես ծանոթ եմ այստեղի խնդիրներին, առավելություններին և թերություններին:

Մենք նախկինում թատրոնի շենքի տեղափոխման խնդիր ենք ունեցել, սակայն մեր նախկին տնօրենը ջանք չխնայեց, որպեսզի և՛ շենքը պահպանի, և՛ մնանք այստեղ, քանի որ հենց սա՛ է ի սկզբանե եղել Գյումրու տիկնիկային թատրոնը:

Թատրոնի առաջնային խնդիրը

Մեզ համար առաջնային նպատակը շենքի ներքին հարդարումն է, այստեղ ամենամեծ խնդիրը խոնավությունն է: Այդ խնդիրը լուծելուց հետո, նպատակ ունենք այնպես վերանորոգել, որպեսզի թատրոն մտնելով՝ երեխան իրեն հեքիաթի մեջ զգա, գեղագիտական հաճույք ստանա:

Այս հարցերը լուծելու համար դիմել եմ քաղաքապետարան, սակայն նրանք չեն կարող գումար հատկացնել, քանի որ համապատասխան բյուջե չունեն:

Ֆինանսավորումը

Ես այժմ փորձում եմ հովանավորներ գտնել, որոնց միջոցով կփորձենք քայլ առ քայլ կամ գուցե միանգամից առաջ գնալ: Հույսերը, կարծես, ծիլ են տալիս: Մեզ համար որոշակի խոչընդոտ է քաղաքապատկան կառույց լինելը, քանի որ, երբ դիմում ենք այլ կառույցների, մեզ անմիջապես քաղաքապետարանի կողմն են մատնացույց անում: Մեր քաղաքապետարանից ինձ հարկավոր է մի գրություն, որտեղ նշվի, որ այդ կառույցը ֆինանսներ չունի տիկնիկային թատրոնի ծախսերը հոգալու համար: Այդ գրությամբ ես կկարողանամ դիմել Մշակույթի նախարարություն, որպեսզի փորձենք միասին լուծումներ տալ մեր խնդրին:

Թատրոնի նորամուծություններն ու թատերաշրջանի բացումը

Օգոստոսի 5-ին եղավ թատերաշրջանի բացումը և նորարարություններից եղավ այն, որ այժմ ներկայացումներից առաջ երեխաների համար փոքրիկ միջոցառումներ ենք կազմակերպում տարբեր կերպարներով: Դրսում մանկական երաժշտություն է միացվում՝ ավելի շատ երեխաների գրավելու համար: Այժմ հեռուստաընկերություններով, համացանցի միջոցով գովազդներ էլ ենք անում, որպեսզի ավելի հանրայնացնենք մեր կառույցը: Մենք նաև նոր լուսավորություն ենք ապահովում այստեղ, որպեսզի ամեն ինչ ավելի գունեղ լինի և երեխաների հետաքրքրությունը շարժի: Նախատեսում ենք նաև մեծահասակների համար ներկայացումներ բեմադրել և արդեն իսկ սկսել ենք աշխատել «Փոքրիկ իշխանը» հեքիաթի ուղղությամբ: Ֆորմատով մոնոներկայացում կլինի:

Փառատոններ և հյուրախաղեր

Մենք մոնոներկայացումների ֆորմատով ցանկանում ենք հյուրախաղերի և փառատոնների մասնակցել: Արդեն իսկ հիմնաքարը դրված է: Առաջին հյուրախաղը կլինի Ֆրանսիայում, ապա՝ Գերմանիայում: Հստակ ժամանակահատվածը դեռևս պարզ չէ, բայց 2019 թվականի հունվարից կսկսենք լրջորեն զբաղվել այդ հարցով: Պայմանավորվածություն ունենք Իտալիայի տիկնիկային թատրոններից մեկի հետ, որ իրենք հաջորդ տարվա սկզբին գալն Գյումրի և փորձի փոխանակում ունենանք: Շարունակելու ենք համագործակցել և կապեր հաստատել տարբեր երկրների թատրոնների հետ:

Հանդիսատեսն ավելացել է

Նախկինում շատ ենք լեփ-լեցուն դահլիճներ ունեցել՝ դպրոցների, մանկապարտեզների հետ համագործակցության արդյունքում: Սակայն այսօր, շատ զանգեր ենք ստանում նախապես տոմսեր գնելու համար, որովհետև տեղերը սահմանափակ են, և ներկայացումից առաջ գրեթե միշտ տոմսերը սպառված են լինում: Մեր դահլիճում մոտ 140 երեխա կարող է տեղավորվել: Երբ դպրոցներում սկսում են որևէ հայ հեղինակի ուսումնասիրել, գալիս են այստեղ դասապրոցեսի, մեր ներկայացումները նաև ուսումնական բնույթ են կրում: Քննարկումներ նույնպես ունենում ենք ներկայացումներից հետո:

Տոմսերի արժեքը շատ ցածր է

Թատրոնում իրականացվող տոմսերի արժեքը շատ ցածր է (որոշված ավագանու նիստով), 400 դրամ: Դահլիճը լիքն է լինում, մենք ուրախանում ենք, բայց երբ վերջում հաշվարկ ենք անում… Փորձում եմ դիմել, որպեսզի քաղաքապետարանում ավագանին քննարկի տոմսերի արժեքի բարձրացման հարցը և դարձնեն գոնե այնքան, որպեսզի մենք քիչ թե շատ գնահատված զգանք մեզ:

Պետք չէ կորցնել հեքիաթը

Ես մեր համաքաղաքացիներին, մեր ժողովրդին հորդորում եմ երբեք չկորցնել իրենց մեջ եղած հեքիաթը, քանի որ այդ դեպքում կամաց-կամաց դառնում ես կենցաղային և անհետաքրքիր: Կարծում եմ, ծնողները նույնպես պետք է այցելեն տիկնիկային թատրոն, որովհետև հենց իրենք են երեխային ուղղորդողը:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս