Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը կարևորում է Երևանում Կանադայի դեսպանություն բացելու հարցը
Օտտավայում տեղի է ունեցել Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հանդիպումը, որին ներկա են եղել Կանադայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Բարեկամության խմբի համանախագահ, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյսն իր խոսքում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում երկկողմ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը:
Բարեկամության խումբը կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացման ուղղությամբ ակտիվ աշխատանքների իրականացումը:
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Կանադայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը և Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը՝ արտահայտելով իրենց դրական տպավորությունները Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած այցի վերաբերյալ, ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչություն բացելու և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում բարեկամության խումբը վերահաստատել է Կանադայի և Հայաստանի միջև կապերի հետագա առաջխաղացման կարևորությունը և քննարկել փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված առաջիկա նախաձեռնությունները: