«Այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու». Արթուր Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Հին Երևան» ծրագրին և ընդգծեց, որ ոչ մի հուշարձան չի քանդվելու։

«Դա վերաբերում է և՛ Արամի 23-ին, և՛ բոլոր այն հուշարձաններին, որոնք գտնվում են այդ տարածքում։ Անհրաժեշտության համար պետք է փոխել որոշակի նախագծային լուծումներ, որպեսզի պահպանվեն այդ շենքերը։ Մինչև ես գլխավոր ճարտարապետ եմ, այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Այն կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կլինի ինչ-որ հուշարձան, նրանք պարտավոր են ֆինանսավորել այդ հուշարձանի վերակառուցման աշխատանքները։ Սա այն է, ինչ չի եղել և անպայման լինելու է»։

Արթուր Մեսչյանը նշեց, որ գրեթե անհնար է արգելել բոլորին գնված տարածքներում շինարարություն անել, բայց պետք է գտնել բալանսը, որ քաղաքը չտուժի: Նա ասաց, որ հանդիպումներ է ունեցել կառուցապատողների, ճարտարապետների հետ, և ոչ մի ճարտարապետ չի ասել, թե դա հնարավոր չէ: «Ես կարծում եմ, որ կարվի շինարարություն, բայց տրամաբանական սահմանների մեջ, հարյուր տոկոսով շինարարությունը կանգնեցնելու հնարավորություն իմ ձեռքում  չկա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ վիճահարույց բոլոր շինարարությունները կանգնեցվել են՝ մինչև տրամաբանական լուծման գալը:

Արամի 23 շենքի վերաբերյալ Արթուր Մեսչյանն ասաց, որ հողային աշխատանքներ են կատարվել, շենքը խաթարված վիճակում է. «Ժամանակավոր ամրացման տարբերակ ենք առաջարկել: Եթե ես ասում եմ՝ այդ կառույցը չի քնադվելու, ուրեմն՝ չի քանդվելու, մի հայկական բառ կա՝ հանգստացեք, չի քանդվելու»։

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, Մեսչյանը կոչ արեց, որ ՀՓԵ-ի երեխաներն այդ տարածքում չգտնվեն՝ մինչև վերջնական լուծում տրվի։

«Եթե ես վերցրել եմ ճարտրապետության պատասխանատվությունը, վերջնական պատասխանը տալիս եմ ես»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս