Բաժիններ՝

«Տեսնես էլ ի՞նչ  խախտում պետք է թույլ տա տնօրենը, որ  դատախազը կիրառի օրենքը, իսկ ԿԳՆ-ում՝ անհանգստանան»

Անահիտ Բախշյանի բաց նամաը ՀՀ գլխավոր դատախազին և ԿԳ նախարարին

«Կրկին բարձրաձայնում եմ այն մասին, թե ինչպե՞ս է լինում, որ տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվում, սակայն նա շարունակում է պաշտոնավարել և չի գործում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը, որի  1-ին մասի համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

Սա շատ տարածված երևույթ է մեզանում, հիշեցնեմ, որ 1 ամիս առաջ էլ բարձրաձայնել էի Արմավիրի մարզի Հացիկ գյուղի դպրոցի տնօրենի մասին:

Որպես ԿԳՆ կրթության տեսչական մարմնի խորհրդի անդամ նամակ եմ ստացել Երևանի թ. 42 ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալից այն մասին, որ ինքը դպրոցի տնօրենի կատարած խախտումների մասին բազմիցս դիմել է տարբեր ատյաններ՝ կրթության տեսչական մարմնից սկսած, ԿԳ նախարարով ավարտած, ընդ որում տեսչական մարմնի առաջարկությամբ որոշ խախտումների ուսումնասիրությունը ներկայումս գտնվում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի  քննչականում, որտեղ 16.07.2018թ կայացված N13852918 որոշումով  ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի համաձայն մի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել և այն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազին:

Կարդացեք նաև

Այդ փաստն էլ կայանում է նրանում, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2016-2017թ.թ. դպրոցի մի աշակերտ ավարտել ու միջնակարգ կրթության ատեստատ է ստացել՝ գտնվելով ՀՀ տարածքից դուրս: Այսինքն նախաքննությամբ փաստը հաստատվել  է:

Ըստ ուսմասվարի, սա միակ դեպքը չէ, ևս 3-ի մասին  ինքը հայտնել է, որի վերաբերյալ քննչականում դիմումատուին ասել են, որ այո, այդ երեքից որոշները նույնպես ուսումնառության ընթացքում հատել են ՀՀ սահմանը և վերջ: Հուլիսի 16-ից անցել է 3 ամիս, սակայն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազը մինչ օրս չի կիրառում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը ու տնօրենի պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցնելու մասին չի դիմում տնօրենի գործատու ԿԳ նախարարին այն դեպքում, երբ դա պահանջում է օրենքն ու ինքը, փաստորեն այն կիրառում է  կամայականորեն՝ խախտելով Օրենքը, այնինչ դրա պահանջն ակնհայտ է, որովհետև այս ընթացքում տնօրենը շատ ու շատ փաստաթղթեր կհասցնի բերել <քրիստոնեական վիճակի>: Ինչո՞ւ է դատախազը վարանում, որովհետև, ամենայն հավանականությամբ, իրավապահ ոլորտում  տնօրենն  ունի  հուսալի <տանիք>:

Շատ ու շատ նման պաշտոնյաների համար երկրում կարծես իրավիճակ չի փոխվել, ստացվում է, որ նրանք չեն հասկացել, որ ԻՐԵՆՑԻՑ ՍԿՍԱԾ՝ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՍԱՐ ԼԻՆԵՆ: Նշեմ, որ ձեռքիս տակ եղած փաստաթղթերը փաստում են, որ վերոնշյալ խախտումը միակը չէ, կրթության տեսչական մարմնի ստուգումներում նույնպես արձանագրվել են կոպիտ խախտումներ, նրանցից մեկն էլ վերաբերվում է  ՀՀԿ շա՜տ բարձր պաշտոնյայի որդուն: Այդ խախտումները  թվարկելու անհրաժեշտություն այստեղ չկա, դրանց մասին գիտեն  նաև ԿԳՆ-ում:

Ընդ որում այդ խախտումներից յուրաքանչյուրը կոռուպցիոն ռիսկ է պարունակում, երբ կրթության ոլորտի մասնագետը ուսումնասիրում է դպրոցի փաստաթղթերը կամ կրթության տեսչական մարմնի տեղեկանքը, սակայն դրանց մասին տեղյակ լինելով, ԿԳ նախարարությունը, ում ենթակայության տակ է այդ դպրոցը, ոչ մի քայլ չի ձեռնարկում մեկ օր շուտ դպրոցում օրինականություն հաստատելու ուղղությամբ, տեսնես էլ ի՞նչ  խախտում պետք է թույլ տա տնօրենը, որ ԿԳՆ-ում անհանգստանան և զբաղվեն դպրոցով: Ինչպես մեզանում «ընդունված է», այժմ իր աշխատանքը կորցնելու վտանգի տակ է այն փոխտնօրենը, ով համարձակվել է բարձրաձայնել տնօրենի թույլ տված խախտումների մասին: Սա բխո՞ւմ է այսօրվա իրականության շահերից, մի՞թե նման երևույթների դեմ չէր մեր հեղափոխությունը:

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Դավթյան, ուզում եմ Ձեզ հիշեցնել Ձեր պրակտիկայում եղած մի դեպքի մասին: 2012-2013թ.թ. երբ Դուք Շենգավիթի դատախազն էիք, փաստի առթիվ քննչական մարմնի հարուցած քրեական գործ հարուցելու որոշման հիման վրա, Դուք դիմեցիք Երևանի քաղաքապետին՝  ժամանակավորապես կասեցնել  Երևանի N դպրոցի տնօրենի պաշտոնավարումը, ով անմիջապես տվեց համապատասխան հրաման: Իհարկե այդ գործընթացն ինձանից խլեց շատ ժամանակ ու նյարդեր:

Դիմում եմ Ձեզ, որպես ՀՀ գլխավոր դատախազի, Հայաստանում բազմաթիվ են նման դեպքերը, երբ կամայականորեն է կիրառվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը,  խնդրում եմ Ձեր անմիջական հսկողության տակ վերցնել նման դեպքերն ու կանխել քննության արդար ընթացքը խոչընդոտող հանգամանքները:

Հ.Գ. Հուլիս ամսին ԿԳ նախարարն անձամբ հրապարակեց  մի փաստի մասին, երբ ավագ դպրոցներից մեկում ՀՀ տարածքից դուրս գտնվող աշակերտի անուն ազգանունը գրված էր  12-րդ դասարանը ավարտողների ցանկում և պիտի »մասնակցեր» քննություններին, որը կանխվել էր նախարարի կողմից: Հետաքրքիր է, թե ի՞նչ ընթացք ունեցավ  այդ գործը, որովհետև նախարարն այլևս չանդրադարձավ իր այդ աղմկոտ հայտարարությանը: Սպասում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս