Հայկ Մարությանը ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին

Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը   աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ինչպես նաև  քաղաքապետի մամուլի քարտուղարին:

Մայրաքաղաքում  միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ դրանք շարունակվում են  սահմանված ժամանակացույցի համաձայն:  Մասնավորապես՝  Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում, և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին:  Զեկուցվել է նաև, որ ամփոփման փուլում է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրի մրցույթը:

Անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերին՝ քաղաքապետ  Հայկ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է բարձրացնել  հանրության շրջանում  իրազեկվածության մակարդակը, իսկ   շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին ուղղորդել   բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի վերանորոգման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, ինչպես նաև  վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները: Անդրադառնալով վթարային պատշգամբների խնդրին՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը   հիշեցրել է, որ, որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն որպես բարի կամքի դրսևորում Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ամեն տարի  միջոցներ են հատկացվոմ  այս  ծրագիրն իրականացնելու համար: Սակայն լինում են դեպքեր, երբ բնակիչները հրաժարվում կամ թույլ չեն տալիս իրականացնել նորոգումը՝ վտանգելով   բնակիչների ու անցորդների անվտանգությունը: Խնդրի առնչությամբ  քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է  համատիրությունների հետ համատեղ  բացատրական աշխատանքներ տանել  բնակիչների հետ՝ հիշեցնելով, որ այդ գործառույթը  քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակից դուրս է, հետևաբար հետագա ողջ պատասխանատվությունը կրելու են սեփականատերերը:

Խորհրդակցության ժամանակ  Հայկ  Մարությանն անդրադարձել է նաև  քաղաքային տրանսպորտի  սպասարկման խնդիրներին՝  ուղևորափոխադրող ընկերությունների առջև մեկ անգամ ևս պահանջ  դնելով  հետևել վարորդների պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն,  ուղերթի ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը և  շարժակազմի անխափան շահագործմանը:

Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետը «Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս