«Գլխավոր քարտուղարին hետ կանչել հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում». ԱԳՆ
Գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից:
«Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ` պարզելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը:
⁃ Ներկայումս արդեն իսկ ընթանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը: Ինչպե՞ս է այն իրականացվում:
⁃ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է ՀԱԽ կողմից՝ ԱԳՆԽ ներկայացմամբ, երեք տարի ժամկետով, այբբենական կարգով: Գլխավոր քարտուղարի փոփոխման ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են դեռևս այս տարվա ամռանը Հայաստանի կողմից:
⁃ Ո՞ր երկրներն իրավունք ունեն դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու համար: Ի՞նչ հիմքերով կարող են փոխարինել նրան:
⁃ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրը, սակայն ՀԱՊԿ շրջանակում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:
⁃ Տվյալ երկիրը, որն առաջադրել է գլխավոր քարտուղարին, կարո՞ղ է, արդյոք, ետ կանչել նրան:
⁃ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անդամ պետություններից յուրաքանչյուրը: Հետ կանչել գլխավոր քարտուղարին հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Դավիթ Վիրաբյանն է:
Լիլիթ Դեմուրյան