Բաժիններ՝

Ավելի քան 7 մլն մարդ վաղաժամկետ քվեարկել է ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում. The New York Times

Ավելի քան 7 մլն ամերիկացիներ են հոկտեմբերի 23-ին մասնակցել վաղաժամկետ քվեարկությանը ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ: Նախնական տվյալները վկայում են, որ Հանրապետական կուսակցության կողմնակիցներին ավելի ակտիվ մասնակցություն են ցուցաբերում, քան դեմոկրատների եւ անկախ թեկնածուների օգտին քվեարկողները: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը:

Հրատարակությունը ներկայացրել է Ֆլորիդայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մայքլ Մաքդոնալդի մեկնաբանությունը, որը մասնագիտանում է ընտրական գործընթացների վերլուծության բնագավառում:

«Եթե այդ միտումը պահպանվի, ապա նոյեմբերի 6-ի ընտրություններին մասնակցությունը առնվազն կհավասարվի 1966 թվականի 48 տոկոս ցուցանիշին: Իսկ եթե այդ ցուցանիշը գերազանցվի, մենք արդեն կանդրադառնանք 1914 թվականին, երբ մասնակցությունը կազմեց 51 տոկոս»,- ասել է փորձագետը: «Մենք կարող ենք ստանալ նաեւ այնպիսի մակարդակ, որին ոչ ոք երբեք չի հասել»,- հնարավոր է համարել Մաքդոնալդը: ԱՄՆ-ում վաղաժամկետ քվեարկությունն անցկացվում է անձամբ եւ փոստով: Այն ընտրողները, որոնք ընտրում են առաջին տարբերակը, ըստ վիճակագրության՝ սովորաբար պաշտպանում են դեմոկրատներին: Փոստով քվեարկում են առավելապես տարեց ամերիկացիները:

Ինչպես վկայում են հարցման՝ հոկտեմբերի 21-ին հրապարակված արդյունքները, որը համատեղ անցկացրել են The Wall Street Journal թերթը եւ NBC հերուստաալիքը, ամերիկացիները ռեկորդային հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նկատմամբ: Ստացված տվյալների համաձայն, Հանրապետական կուսակցության կողմնակիցների թվից հարցման մասնակիցների 68 տոկոսը եւ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 72 տոկոսը հայտարարել են, որ շատ են հետաքրքրված ընտրություններով:

Ինչպես ընդգծում են մասնագետները, ավելի վաղ The Wall Street Journal- ի եւ NBC-ի նմանօրինակ սոցիոլոգիական հետազոտությունների ողջ պատմության ընթացքում, որոնք անցկացվում են 2006 թվականից, այսչափ բարձր ցուցանիշներ չեն արձանագրվել:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքների համաձայն, որը թերթի եւ հեռուստաալիքի կողմից անցկացվել էր 2014 թվականի հոկտեմբերին, միջանկյալ ընտրություններից առաջ, դրանց նկատմամբ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում հանրապետականների 59 տոկոսը եւ դեմոկրատների 47 տոկոսը: Այժմ հանրապետականները մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում՝ ունենալով 236 մանդատ դեմոկրատների 193-ի դիմաց, վեց տեղ թափուր է:

Սենատում հանրապետականներն ունեն աննշան գերակշռություն՝ 51 ձայն՝ դեմոկրատների 47-ի դիմաց եւ երկու անկախ սենատորներ, որոնք սովորաբար միություն են կազմում դեմոկրատների հետ: Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում կվերընտրվեն 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, ինչպես նաեւ նահանգների եւ տարածքների 39 նահանգապետեր, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս