Բաժիններ՝

Տեսնենք` ի՞նչ կարող ենք անել. ՀՀ Տրանսպորտի նախարարությունը՝ հայ-վրացական սահմանում արգելափակված մեքենաների մասին

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ այսօրվա դրությամբ հայ-վրացական սահմանում արգելափակված է շուրջ 150 ավտոմեքենա, 2000-2500-ն էլ գտնվում են վրացական տարբեր քաղաքներում: Սահմանին արգելափակված մեքենաների տարանցիկ համարների ժամկետը լրացել է, իսկ վրացական իշխանությունները պահանջել են դրանք դուրս բերել իրենց երկրից, հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիներն ամեն օր տուգանվում են 10.000 դրամով:

168.am-ը կապ հաստատեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանի հետ, ով հայտնեց, որ տեղյակ են այդ մասին:

«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 22-ին «Ղեկը աջ» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների հետ է հանդիպել, և որոշում է կայացվել առաջիկայում հանդիպումների շրջանակն ընդլայնել: Այն տեղի կունենա պատասխանատու մյուս գերատեսչությունների և աջ ղեկով մեքենաների ներկրմանը դեմ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի տեսնենք, թե ի՞նչ կարող ենք անել: Վրացական կողմն այստեղ կապ չունի, մեքենաները հայկական սահմանակետի մոտ են կանգնած: Ինչ վերաբերում է տուգանելուն, ապա դրանք մեր ոլորտից դուրս են, մաքսային օրենքներ են: Ամեն դեպքում առաջիկայում հանդիպում է լինելու, սակայն դեռ օրվա ու ժամի մասին տեղեկություն չեմ կարող հայտնել»,- նշեց Անահիտ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան:

Կարդացեք նաև

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս