«Այսօր որևէ մեկը հեղափոխությանը հակադրվելով՝ հաջողության հասնելու շանսեր չունի». Էդգար Վարդանյան

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ՏԻՄ ընտրությունները Երևանի ավագանու ընտրությունների նման ազատ, արդար, թափանցիկ էին, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ հեղափոխությունն ամրապնդվում և տալիս է իր պտուղները։

«Այն, որ որոշ դեպքերում իշխանության թեկնածուն չի հաղթել, խոսում է այն մասին, որ իշխանությունները որևէ միջամտություն չեն իրականացրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Թե ինչու որոշ տեղերում իշխանական թեկնածուները պարտվեցին, նա նշեց, որ այնպիսի գործոններ են այդտեղ դեր խաղացել, որոնք ունեն խորքային արմատներ. «Եթե ուշադրություն դարձնենք ՏԻՄ ընտրություններում առկա դիսկուրսին, կտեսնեք՝ «գերդաստան», «հեղինակություն» բառերը։ Սա նշանակում է, որ շատ համայնքներում հաղթում է այն թեկնածուն, որն ունի լայն գերդաստանային բնույթի կապեր։ Օրինակ՝ Կապանի ընտրությունների ժամանակ տեսանք, որ հաղթող թեկնածուի հայրը շատ լուրջ հեղինակություն ունի, շինարար է, և այդ թեկնածուն նույնպես շինարար է, այսինքն՝ այստեղ մեծ դեր են խաղում ֆինանսական միջոցները, անհատական կապերը։ Այդ մարդու նկատմամբ ձևավորվում է որոշակի վստահություն, որ նա կարող է հարցեր լուծել»։

Նա նկատեց՝ այդ դեպքերում ոչ ծրագիրն է դեր խաղում, ոչ տվյալ թեկնածուի մարդկային հատկանիշները. «Գրեթե բոլոր դեպքերում, երբ ՔՊ-ի պաշտպանած թեկնածուն պարտվել է, հաղթող թեկնածուն չի հակադրվել հեղափոխությանը և իրեն նույնպես հեղափոխության աջակից թեկնածու է ներկայացրել։ Այսօր որևէ մեկը հեղափոխությանը հակադրվելով՝ հաջողության հասնելու շանսեր չունի»։

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նկատեց՝ Հրազդանում էլ աշխատեց Սասուն Միքայելյանի հեղինակությունը, և նրա որդին դարձավ հաղթող թեկնածու.

«Առավելությունն այն է, որ ունենք տարբեր դերակատարներ, տարբեր մոտեցումներ, վերջապես Հայաստանում հնչում է ժողովրդի կամարտահայտումը, բայց դեռևս շատ նեղ կտրվածքով։ Թեկնածուների ծրագրային պայքար չարձանագրվեց, եթե անգամ ծրագրերը հնչեցվեցին, դրանք մնացին երկրորդական դերում։ Արդեն պետք է հասկանանք, որ, երբ հեղափոխությանը չեն հակառակվում, դա լավ է, բայց պետք է արագ տեղափոխվենք երկրորդ փուլ՝ ինչպես է կայանում պետությունը։ ՏԻՄ-երից սկսվում է այդ կայացման առաջին փուլը, որտեղ մեծ դեր ունի գիտակից կամարտահայտման տիրույթը»։

Նրա խոսքով՝ այս ՏԻՄ ընտրություններում մեծ քայլ առաջ գրանցեցինք նրանով, որ այս ընտրություններն արդար էին, բայց դեռևս վերջնական առաջխաղացում չունեցանք։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ նկատեց, որ ընտրող չունենք, 20 տարի դեգրադացվել է այդ ինստիտուտը. «Ընտրելու նոր չափանիշեր հիմա չկան, նախկինում իշխանությունն ինքն էր ընտրում թեկնածուին, բայց նույն չափանիշերով, որոնցով հիմա ընտրողն է ընտրում։ Բնական է, որ ունենք այդ ընտրությունը, որ ծրագրերը չեն գնահատվում, 20 տարի դրան է սովորել քաղաքացին։ Ամբողջ խնդիրն այն է, թե երբ է ավարտվելու հեղափոխությունը։ Հեղափոխությունը եղել է և չպետք է ամրանա, պետք է ավարտվի, և ձևավորվի ընտրողի ինստիտուտը»։

Նրա խոսքով՝ քաղաքական ուժն ինքը չի ձևակերպել, թե ինչ է իր համար ՏԻՄ-ը, և, բնականաբար, ընտրողն էլ իր համար չի ձևակերպել։

Տեսանյութեր

Լրահոս