Բաժիններ՝

Վրացական իշխանությունները հայերից  պահանջել են մեքենաները դուրս բերել իրենց երկրից, հակառակ պարագայում ամեն օր կտուգանվեն 10.000 դրամով

«Այսօր հայ-վրացական սահմանում արգելափակված է շուրջ 150 ավտոմեքենա, 2000-2500-ն էլ գտնվում են վրացական տարբեր քաղաքներում: Սահմանին արգելափակված մեքենաների տարանցիկ համարների ժամկետը լրացել է, իսկ վրացական իշխանությունները պահանջել են դրանք  դուրս բերել իրենց երկրից, հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիներն ամեն օր տուգանվում են 10.000 դրամով: Մարդիկ կան, որոնց  տուգանքի չափը 200.000  դրամ է արդեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ  Արթուր Միսակյանը:

Նրա փոխանցմամբ՝  2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը  պետք է արգելվեր աջ ղեկով մեքենաների ներմուծումը, բայց ԱԺ-ում, չգիտես ինչու՝ վերջին պահին նախագծից հանվել է «ժամանակավոր» բառն ու օրենքն անժամկետ ընդունվել է:

«Հանրային իրազեկումը քիչ եղավ, դա նաև պայմանավորված էր նրանով, որ հեղափոխության օրերն էին: Քանի որ ՀՀ քաղաքացիների մեծ  մասը սիրում է ճապոնական մեքենաներ, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ձեռք է բերում դրանք՝ այն ակնկալիքով, որ հոկտեմբերի 1-ից հետո  պետք է Հայաստան ներմուծվեն: ՊԵԿ ենթակայության ներքո գտնվող մաքսակետում  կար փակցված մի գրություն, համաձայն որի՝ արգելքը մինչև հոկտեմբերի 1-ն է, ՀՀ քաղաքացիները կարող են ներմուծել մեքենաներ, վերասարքավորում իրականացնել, այսինքն՝ ղեկը տեղափոխել: Սակայն մարդիկ ձեռք բերեցին մեքենաներ ու կանգնեցին փաստի առջև: Մեքենաների քանակն ու տուգանքները մեծանում են ամեն օր»,- նշեց Արթուր Միսակյանը:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամը   շեշտում է՝ ՀՀ քաղաքացիները ֆինանսական ահռելի կորուստներ են կրում, Կառավարությունը պետք է օժանդակի և լուծեն խնդիրները:

«Օրենքը հաղթահարելու եղանակներից է նոր օրենքի ընդունումը, հարյուրավոր մարդկանց սնանկացումից փրկելը, քանի որ հարյուրավոր մարդիկ մեքենա ձեռք են բերել վարկով: Առաջարկում ենք, որ թույլ տրվի մինչև 2020 թվականը մեքենաները ներկրել ՀՀ»,- ընդգծեց Արթուր Միսակյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս