Բաժիններ՝

Կառավարությունը Ալավերդու պղնձաձուլական գործարանին մեկ տարվա աշխատելու թույլտվությո՞ւն է տվել

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ կայացել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի մասին դեռ հաղորդագրություն չի տարածվել:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել կցկտուր լուրերից:

«Էլի անորոշությունը շարունակվում է, բայց, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կառավարությունն իր քայլն արել է, բնապահպանական տույժը հանել է, մեկ տարվա աշխատելու թույլտվություն է տրվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պղնձաձուլական գործարանի աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպել է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և հայտնել, որ Տիգրան Ավինյանի գրասենյակն անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ, և լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով:

Իսկ հոկտեմբերի 22-ին «Վալլեքսը» հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով  Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքների կասեցման պատճառները:

«2018թ. հոկտեմբերի 19-ից կասեցվել են «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները (Ալավերդիում պղնձարտադրությունն իր 250-ամյա պատմության ընթացքում կանգ է առել չորս անգամ):

«Էյ-Սի-Փի» ընկերության գործունեության կասեցման պատճառները մի քանիսն են, որոնք ներկայացված են ստորև. 2017թ. հոկտեմբերի 1-ից, չնայած ծծմբային անհիդրիդի տարեկան 5,600 տոննա սահմանային թույլատրելի սահմանաչափի թույլտվությանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալը մթնոլորտ կազմել է տարեկան շուրջ 38,000 տոննա:

Վերոնշյալ արտանետումների դիմաց 2017թ. արդյունքներով Ընկերությունը ՀՀ Պետական բյուջե է վճարել 323 մլն ՀՀ դրամ, իսկ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքներով՝ 340 մլն ՀՀ դրամ: Նշված գումարների մի մասն օրենքով սահմանված կարգով վերադարձվել է հարակից համայնքներին՝ որպես բնապահպանական վնասների փոխհատուցում։

Ընդ որում, նշված արտանետումների պատճառը տեխնոլոգիական է, որի լուծման միակ տարբերակը խոշոր ներդրումներ պահանջող ժամանակակից տեխնոլոգիական պղնձաձուլական կոմբինատի կառուցումն է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բազայի վրա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոս ամսին Ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքում Ընկերությանը ներկայացվել է 380 մլն  դր. լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015թ. հուլիսից մինչև 2018թ. հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին: Նույն ակտի հիմքով տրված հանձնարարականով Ընկերությունից պահանջվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը արտանետումների քանակը նվազեցնել 90%-ով:

Ներկա պահին պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում: Արտանետումների կորզումն իրականացնելու համար պահանջվում է պղնձաձուլական համալիրի ներսում քիմիական արտադրության ստեղծում:

Նկատի ունենալով մեր երկրում լեռնահանքային ու պղնձարտադրության առկա իրողությունները` «Վալլեքս» խումբը բազմիցս հայտարարել է, որ բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձարտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է նոր գործարան, որի կառուցման ուղղությամբ ընթացել են բանակցություններ չինական <> ընկերության հետ: Չինական ծրագրով նոր գործարանի կառուցման ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Դրա կառուցումը հատկապես նպատակահարմար կլիներ իրականացնել Ալավերդու պղնձաձուլարանի տարածքում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր հարթակներն ու ենթակառուցվածքները:

Այս պահին կարող ենք ասել, որ չինական կողմի հետ բազմաթիվ հանդիպումների ու երկարատև բանակցությունների արդյունքում առկա է նոր պղնձաձուլական գործարանի ստեղծման ծրագրի իրագործման մասով դրական տեղաշարժ: Ընդ որում, վերոնշյալ բարդ ծրագրի իրականացման գործում էական է կառավարության դերակատարությունն ու իր լիազորությունների շրջանակներում աջակցությունը, որին միտված էլ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ»,- գրված էր հաղորդագրության մեջ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս