«Նիկոլ Փաշինյանի գլոբուսը սկսվում է Կալինինգրադից և ավարտվում Վլադիվոստոկով». քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ ինչպես կադրային քաղաքականությունը, այնպես էլ երկրի ներսում և արտաքին քաղաքական շատ հարցերում տեսանելի են դառնում այդ հարցերի նկատմամբ դրսևորվող իրավիճակային մոտեցումները։
Ըստ նրա, մեկ ամիս առաջ Ն. Փաշինյանը հայտարարում էր, թե գոյություն ունեն «սև» ու «սպիտակ»-ներ, «հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ», և բարիկադներ է կառուցում, իսկ մեկ ամիս անց հայտարարում է, թե բարիկադ անհրաժեշտ չէ, քանի որ տեղի ունեցան հոկտեմբերի 2-ի իրադարձությունները։
Արմեն Բադալյանն ասաց, որ, ինչպես ինքն ասել է դեռևս մայիսին, նույնը կրկնում է նաև այսօր՝ Ն. Փաշինյանի մոտ լավ ստացվել է հին համակարգի քանդումը, բայց նրա և նրա թիմակիցների մոտ չի երևում ապագայի զարգացման ստրատեգիան, այսինքն՝ 5 կամ 10 տարի անց Հայաստանն ինչպիսի երկիր է լինելու, ի՞նչ Սահմանադրություն և Ընտրական ինչպիսի՞ օրենսգիրք է ունենալու։
«Երբ պատկերացում են ունենում, թե Հայաստանն ինչպիսի երկիր է լինելու, օրինակ, 15 տարի անց, ըստ այդմ էլ որոշում են՝ դրա համար ինչպիսի քայլեր իրականացնեն։ Երբ մարդը ցանկանում է լավ շինություն կառուցել, դրա համար ընտրում է լավ ճարտարապետի, որն ունի նման շինություն կառուցելու փորձ։ Օրինակ, Արցախի հիմնահարցի հետ կապված՝ Փաշինյանն ընտրվելուց առաջ այլ տեսակետ ուներ, հետո հնչեցրեց բոլորովին այլ տեսակետ։ Արտաքին քաղաքականության մեջ մենք տեսնում ենք, որ այժմ Նիկոլ Փաշինյանը դարձել է ԵԱՏՄ-ի ջատագով, և բացի դրանից, այլ բան չի տեսնում, կարծես թե նրա գլոբուսը սկսվում է Կալինինգրադից և ավարտվում Վլադիվոստոկով»,- նշեց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի օրերը, սակայն նկատելի չէ, թե այն ինչ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի համար 10-15 տարի անց։ Բացի այդ, վարչապետը հաճախ է մեկնում Մոսկվա, սակայն չի այցելում եվրոպական երկրներ, բացի Նյու Յորքից և Բրյուսելից։
«Դուք տեսե՞լ եք Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների արտաքին քաղաքականության վերաբերյալ հայեցակարգը, որևէ բան չկա, տեսե՞լ եք նրա դատաիրավական բարեփոխումների ուղենիշները, տնտեսության հայեցակարգը ո՞րն է լինելու… Եթե այս հայեցակարգերը չկան, բնականաբար, նա կադրեր է ընտրում՝ ըստ իրավիճակի։ Այ, օրինակ, եթե ինչ-որ մեկը կարող է այսօր լուծել մաքսային որոշ խնդիրներ, ուրեմն նա կարող է դառնալ Մաքսայինի ղեկավար, եթե չի կարող, ապա հանում ենք և փոխարենը բերում մեկ ուրիշ մարդու։ Սրանք թերություններ են, որոնք այս հինգ ամիսների ընթացքում տեսնում ենք»,- շեշտեց Ա. Բադալյանը։
Քաղտեխնոլոգը նաև հիշեցրեց, որ, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր մեկնում Մոսկվա, լրատվական դաշտում կային իրենց արևմտամետներ անվանող գործիչներ, որոնք անընդհատ գրում էին, թե Սերժ Սարգսյանը շարունակում է վասալային քաղաքականությունը, և այլն, բայց այսօր, երբ Նիկոլ Փաշինյանն է մեկնում Մոսկվա, այդ գործիչների բողոքի ձայնը չի լսվում։
«Ահա այստեղ է, որ պետք է պահպանվի օբյեկտիվությունը»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։
Զվարթ Խաչատրյան