Ինչպե՞ս են վերահսկելու դաշտը. երգիչ-երգչուհիները՝ ՊԵԿ որոշման մասին
Վերջերս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե որոշել է հարկային դաշտ բերել շոու-բիզնեսը: Ըստ այդմ, այսուհետ հարսանիքներում, ծննդյան և այլ արարողություններում հանդես եկող երգիչ-երգչուհիները, հաղորդավարները պետք է հարկեր մուծեն։
Այս հայտարարությունը կարծես թե միանշանակ չի ընդունվել երգիչների կողմից:
«Ես ինձ երբեք շոու-բիզնեսի ներկայացուցիչ չեմ համարել։ Սա իմ մասնագիտությունն է, և ես չեմ պատրաստվում փոխել այն, քանի որ մեծ սեր եմ տածում դրա հանդեպ։ Ինքս աշխատում եմ ակումբում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով, և վճարում եմ բոլոր հարկերը։ Ինչ վերաբերում է կորպորատիվ միջոցառումներին մեր մասնակցությանը, ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս են վերահսկելու դաշտը, երբ տարբեր պատվիրատուների հետ տարբեր պայմաններով կարող ես աշխատել, նույնիսկ` անվճար։ Եվ, վերջապես, որևէ մեկը պատկերացում ունի՞, թե որքա՛ն բարձր են մեկ երգի գործիքավորման ծախսերը։ Չէ՞ որ այս հարցերը երգիչները լուծում են սեփական միջոցներով։ Պատկերացրեք՝ տարին մեկ անգամ, եթե հաջողվի երգի տեսահոլովակ նկարել, լավ կլինի, բայց դա ոչ միշտ է հաջողվում։ Ուստի ես դեմ եմ այդ որոշմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Անժելա Բարխուդարյանը:
Վահագ Ռաշն ու Զարուհի Բաբայանը, հակառակը, կողմ են այս որոշմանը, սակայն կարծում են, որ լուծումը բարդ է լինելու:
«Իմ կարծիքով՝ անհնար է վերահսկելը, այնպես որ, հաստատ թղթի վրա էլ մնալու է։ Իսկ հարկ վճարելն ամեն դեպքում ճիշտ է, քանի որ, եթե մի ուրիշ բնագավառում գումար են վաստակում ու հարկ են տալիս, ապա շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ինչքանո՞վ են առավել»,- նշեց Վահագ Ռաշը:
Նրա հետ համաձայն է երգչուհի Զարուհի Բաբայանը:
«Բոլոր նրանք, ովքեր ապրում, աշխատում են Հայաստանում, բնականաբար, պետք է հարկ վճարեն: Ես կողմ եմ այս օրինագծին, վստահ եմ՝ բարեխիղճ աշխատող, ստեղծագործող մարդիկ կգիտակցեն, որ պետք է հետևել օրենքներին, լինել օրինապաշտ: Պարզապես կուզեի, որ ամեն ինչ պարզ ու մատչելի լիներ, որպեսզի մարդիկ հասկանային, թե ինչն՝ ինչպե՞ս է արվելու»,- նկատեց երգչուհին:
Մավր Մկրտչյանի կարծիքով էլ՝ հիմա բացարձակ նման որոշման ժամանակը չէ.
«Մեր երկրում շատ ավելի կարևոր խնդիրներ կան լուծելու: Եթե որոշումը հաստատվի՝ թող ցանկությամբ լինի, ոչ թե պարտադիր»,- եզրափակեց երգիչը:
Անի Կարապետյան