Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության առավել ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, զբոսաշրջության ծավալների ավելացման շուրջ:
Զրուցակցիների ուշադրության կենտրում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ:
Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ուենցած վերջին ներքաղաքական զարգացումները, ժողովորդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:
Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին և կառույցի գագաթնաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ համոզմունք հայտնելով, որ երևանյան գագաթաժողովի արդյունքերը կնպաստեն Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքների և սկզբունքների հիման վրա կազմակերպության գործունեության ակտիվացմանը: