«Դեսպանի խոսքը բավականին լուրջ ազդակ է». Ինչ հետևանքներ կունենան Ռիչարդ Միլսի գնահատականները
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը դիվանագիտական առաքելության ամփոփման ժամանակ լուրջ քննարկումների տեղիք է տվել։ Դեսպանը նշել էր, որ պատմության համար այս կարևոր պահին կան բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ, ովքեր հետևում են Հայաստանին, փորձում են տեսնել, թե ինչ նոր հնարավորություններ կան այստեղ, և շատ կարևոր է, որպեսզի կառավարության կողմից ներդրողներին ճիշտ ազդակներ գնան, որոնք ցույց են տալիս, որ կանոնների վրա հիմնված միջավայր կա, և միջազգային ներդրողները կարող են ակնկալել բարեխիղճ գործակցություն:
«Անկեղծ կլինեմ, մտահոգ եմ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակով և «Լիդիան» ընկերության հետ: Սա եզակի ամերիկյան ներդրում է Հայաստանում, և ես այստեղ գտնվելու ընթացքում մշտապես հետևել եմ, ներկաները գիտեն, շուրջ կես միլիարդ դոլար ներդրումը նշանակալի է, տնտեսական օգուտներ կան, երբ այն գործարկվի, դա կարող է դառնալ ՀՀ ամենախոշոր հարկատուն: Բայց աշխատանքներն այդ հանքում, արդեն 4 ամիս է՝ դադարեցված են, չկա ՀՀ բնապահպանական օրենքների խախտում, կոռուպցիոն դրսևորումներ, Ամուլսարի հարյուրավոր աշխատողներ շուտով դուրս կմնան աշխատանքից»,- ասել է դեսպանը՝ հորդորելով ՀՀ կառավարությանը՝ արագ գործել։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «168 Ժամի» հետ զրույցում համաձայնություն հայտնեց դեսպանին՝ նրա հնչեցրած գնահատականը համարելով «շատ օբյեկտիվ ու ռեալ»։ Ըստ նրա՝ երկրում կայունացման համար հեղափոխությունն ինքը պետք է ավարտվի, իսկ ավարտն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։
«Առաջին օրվանից, երբ հեղափոխությունը եղավ, ասել եմ, որ արտահերթ ընտրություններ են պետք։ Անկախ քաղաքական կոնֆիգուրացիայից, քաղաքական ուժերի համադրությունից, մեզ պետք է շուտ ընտրություններ, որպեսզի ժողովրդի քաղաքական կամքն արտացոլվի ամբողջությամբ, կազմավորվի ոչ թե ժամանակավոր, անցումային, այլ մշտական կառավարություն, որն աշխատանքներ կտանի թե՛ ներդրողների հետ, թե՛ վարչարարության ոլորտում։ Խոսքս թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողիների մասին է։ Այդ իմաստով, ես համամիտ եմ դեսպանի խոսքին, որ կառավարությունը պետք է փորձի ներդրողների հետ աշխատանքն ավելի արագ կառուցողական հիմքի վրա դնել, բայց դա կարող է լինել միայն ընտրություններից հետո»,- ասաց Ա.Ղազարյանը՝ ողջունելով դեկտեմբերին ընտրությունների անցկացումը։
Նրա խոսքով՝ այսօրվա կառավարությունն անում է այն, ինչ կարող է, ավելին չի կարող. «Ես գիտեմ շատ օրինակներ, որ մենք այս ընթացքում ունեցել ենք ներդրումների որոշակի ակտիվացում, աճ, բայց երբ խոսքը գնում է համակարգային խոշոր ներդրողների մասին, որոնք 10-20 տարվա ծրագրերից են խոսում, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերական ճյուղերի խոշոր ներդրողներ են, բնական է, նրանք պետք է սպասեն, որպեսզի թե՛ օրենսդրությունը, թե՛ վարչարարությունը կայունանա։ Եվ դա օբյեկտիվ է, որ այդպես էլ պետք է լինի։ Սա էր պատճառը նաև, որ վարչապետն ինքն էլ արագացրեց ընտրությունները կազմակերպելու գործընթացը»։
Թե կոնկրետ ո՞ր ներդրողներն են սպասում ընտրություններին, Ա.Ղազարյանը հարկ չհամարեց անուններ հնչեցնել, բայց հավաստիացրեց, որ ինքն էլ ունի գործընկերներ, պատվիրատուներ, որոնք շատ ոգևորված են Հայաստանում ստեղծված հավասար մրցակցային դաշտով, կոռուպցիայի գրեթե 100% բացառմամբ, արտոնություններ չլինելու հանգամանքով, բայց լուրջ երկարաժամկետ ներդրումների համար սպասում են հաջորդ քայլին՝ հեղափոխության ավարտին։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ եթե դեսպանը դիվանագիտորեն բարձրացնում է նման խնդիր, նշանակում է՝ այն շատ ավելի սուր է.
«Դեսպանի կողմից քննադատական խոսք և բարեկամական խորհուրդ բարձրաձայնելը նշանակում է, որ փակ դռների հետևում լուծում չի գտնվում։ Սա բավականին լուրջ ազդակ է։ Խոսքն առնվազն կես միլիարդ դոլարի մասին է, որը Հայաստանի նման փոքր երկրում խոշոր ներդրողների համար փորձաքար է, և դեսպանն ասում է, որ՝ այդ փորձաքարը կարծես չեք հաղթահարում։ Հիմքը դրվում է իրավական՝ օրենքի ուժի վրա, ոչ թե բնապահպանական կամ այլ՝ 4 ամիս չի աշխատում, ներդրում հնարավոր չէ անել, պատասխան տվեք։ Եվ ինչքան ժողովրդավարական երկիր դառնանք, այնքան նման հարցերը խնդրահարույց են դառնալու։ Մենք չենք կարող հրաժարվել նախկին պարտավորություններից՝ ասելով՝ իշխանություն է փոխվել, և վերջ։ Եթե հանկարծ նման խոսք հնչի իշխանության կողմից, խոշոր ներդրողների համար մենք կհավասարվենք այն երկրներին, որոնք հեղափոխությունից հետո սկսում են ազգայնացնել կամ այլ միջոցներ ձեռնարկել արտասահմանյան ներդրողների հանդեպ, իսկ Արևմուտքը նման փորձ ունի։ Եվ դա վախ է առաջացնում այդ երկրների մոտ»։
Ա. Խուրշուդյանը նշեց, որ ոչ ոք հեշտորեն չի հրաժարվելու այն խոշոր գումարներից, որ ներդրել է, և պատասխանը ուզում է հստակ լինի՝ այո կամ ոչ։ Ըստ նրա՝ «ոչ»-ի դեպքում, ակնհայտ է՝ ինչ գործընթաց է սկսվելու՝ կա՛մ մենք կամավոր ենք արված ներդրումները որպես պարտք վերցնելու մեր վրա, կամ դատական պրոցես է լինելու, և պետք է պաշտպանվենք. «Ամուլսարը կարող է անկյունաքարային լինել Հայաստանի՝ որպես պետության, վստահելի լինելու առումով։ Այս պահին «Լիդիանը» լռում է, բայց փաստեր է հավաքում ապագայում դատարան դիմելու համար, և ամենամեծ փաստն այն է, որ կառավարությունն իր գործառույթները կատարե՞լ է, թե՞ ոչ։
ՀՀ իշխանությունների կրավորական դիրքը մտահոգում է ներդրողներին, և նրանք դա կիսում են դեսպանի շուրթերով։ Եվ չմոռանանք այլ ներդրողների մասին։ Հայաստանում խոշոր սեփականաշնորհումներ են եղել, և ցանկացած սեփականատեր կարող է ինքն իրեն հարց տալ՝ կարո՞ղ է՝ հանկարծ պարզվի, որ սեփականաշնորհման ժամանակ օրենքի խախտում է եղել, ու ձեռքիցս վերցնեն։ Այսինքն՝ ցանկացած ներդրող այդ ռիսկն այսօր բարձր է գնահատում։ Բայց հստակ պատասխան դեռ չկա։ Հնարավոր չէ՝ ռիսկի պարագայում որոշվի, որ հանքը չի աշխատելու, ու ձեռքսեղմումով հրաժեշտ տանք այստեղ հարյուրավոր միլիոն դոլարներ ներդրած մարդկանց։ Այդ մարդիկ պայքարելու են իրենց իրավունքի համար։ Պետք է պատրաստ լինել»։
Անդրադառնալով այլ ներդրողների սպասումներին՝ Ա. Խուրշուդյանը նշեց, որ քանի դեռ Հայաստանում քաղաքական հստակեցում չկա, գործարարները միանշանակ սպասելու են. «Ինչքան շուտ այս քաղաքական անորոշությունը վերանա, այնքան շուտ մյուս ներդրողներն ավելի հստակ կհասկանան՝ ինչ Հայաստանի հետ գործ ունեն։ Այսօր ունենք պարադոքս, այսինքն՝ ԱԺ մեծամասնությունը ներկայացուցչական չէ, և դա ինչ-որ հանգուցալուծում պետք է ունենա։ Ըստ էության՝ իշխանությունն օրենսդիր փոքրամասնության ձեռքին է, և, իհարկե, սրտատրոփ են սպասում։ Հանուն հայրենիքի սփյուռքահայերը կգան, ներդրումներ կանեն, բայց բիզնես հաշվարկով ներդրումների դեպքում քաղաքական ռիսկը միշտ առաջին տեղում է։ Մնացած ռիսկերը հետո են հաշվում»։
Ա. Խուրշուդյանը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ բանակցություններ էին սկսվել ռուսաստանաբնակ հայերի, նաև արտասահմանյան ներդրողների հետ, որոնք այժմ սառեցվել են, սփյուռքահայ շատ մեծահարուստներ կան, որոնք վաղուց ասում են, որ Հայաստանում իրավիճակ փոխվելու դեպքում հաճույքով կգան, ներդրում կանեն. «Ներդրողների ամենամեծ հարցը՝ ումի՞ց պատասխան ստանանք։ Կառավարությունը կարծես լիարժեք կոնսոլիդացված չի, նույնիսկ նախարարներն են արագ փոխվում, և նրանք չգիտեն՝ ում հետ բանակցեն, որովհետև խոշոր ներդրողները նաև այլ որոշումներ են ակնկալում։ Այսինքն՝ այս պահին սպասողական վիճակ ակնհայտ կա»։