Բաժիններ՝

Անպարկեշտ կատակների համար Marvel-ից հեռացված ռեժիսոր Ջեյմս Գանը նոր աշխատանք է գտել DC-ում

«Գալակտիկայի պահապանների» ռեժիսոր Ջեյմս Գանը, որը Marvel-ից հեռացվել էր ութ տարվա վաղեմություն ունեցող անպարկեշտ կատակների համար, նոր աշխատանք է գտել: Նա կզբաղվի DC ընկերության համար գերհերոսական ֆիլմի ստեղծմամբ: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ կինեմատոգրաֆիստը կգրի «Ինքնասպանների ջոկատը» մարտաֆիլմի սիքվելի սցենարը: Այս փուլում նախագիծը դեռեւս ռեժիսոր չունի, եւ չի բացառվում, որ ռեժիսորը նույնպես կդառնա Գանը: Հուլիսի 21-ին հայտնի էր դարձել, որ Ջեյմս Գանին, որը պետք է աշխատեր «Գալակտիկայի պահապանների» երրորդ մասի վրա, հեռացրել են Twitter-ում սադրիչ գրառումների հետ կապված սկանդալի պատճառով, որոնք նա հրապարակում էր 2008-ից մինչեւ 2011 թվականը: Դրանցում կինեմատոգրաֆիստը կատակել է մանկապղծության, բռնաբարությունների եւ ՁԻԱՀ-ի թեմաներով: Ավելի ուշ ֆիլմի դերասանները հանդես են եկել ի պաշտպանություն հեռացված ռեժիսորի:

«Գալակտիկայի պահապանները» եւ «Գալակտիկայի պահապանները 2» ժապավենները թողարկվել են համապատասխանաբար 2014 եւ 2017 թվականներին: Երրորդ մասի պրեմիերան պլանավորված էր 2020 թվականին, սակայն դրա հետ կապված աշխատանքը դադարեցրել են Գանի շուրջ ծագած սկանդալից հետո: «Ինքնասպանների ջոկատը» թողարկվել է 2016 թվականին: Ժապավենում գլխավոր դերերը կատարել են Ջարեդ Լեթոն, Մարգո Ռոբբին, Ուիլ Սմիթը, Քարա Դելեւինը եւ Ջեյ Քորթնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս