«Եթե Իրանը մնա կայուն, սկսի փոփոխություններ, այս երկիրը, տնտեսությունը կդառնա դարպաս դեպի նոր շուկա». Ռիչարդ Միլզ
«Շատ դրական եմ տրամադրված ՀՀ ապագայի վերաբերյալ»,- այս մասին այսօր իր դիվանագիտական առաքելությունն ամփոփող զեկույցից հետո ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը երեք տարի անց:
Ըստ նրա, տնտեսական վերելքի համար պայմաններն առկա են:
«Ես լավատես եմ, կարծում եմ, որ մենք ավելի շատ արևմտյան ներդրումներ կտեսնենք, կարծում եմ՝ տուրիզմի ոլորտը մեծ աճ կունենա այս երկրում, ես նաև կարծում եմ, որ ավելի մեծ ուշադրություն կլինի ամերիկահայ Սփյուռքի կողմից: Չնայած իրենց մեծ սիրուն այս երկրի նկատմամբ՝ նրանք դժկամ էին մի բան անել այստեղ, բայց վերջին ամիսների ընթացքում մտածում են, թե ինչ կարող են անել, եթե գան, կարելի է նաև այդ ռեսուրսը օգտագործել:
Իրատես պետք է լինեմ ես, ապագան մեծապես կախված կլինի, թե ինչ է տեղի ունենում Իրանում: Եթե Իրանը մնա կայուն, սկսի փոփոխություններ, այս երկիրը, տնտեսությունը կդառնա դարպաս դեպի նոր շուկա, և եթե Իրանի վարքագիծը վատանա, լարվածությունը մեծանա, դա, բնականաբար, այստեղ իր ազդեցությունը կունենա, քանի որ Իրանի հետ ՀՀ-ն ունի հարաբերություններ, և դուք կարող եք անկեղծ խոսել նրանց հետ: Դա կարող է օգնել, որպեսզի իրանյան զարգացումները դրական ուղով ընթանան»,- ասաց դեսպանը: