Աննա Հակոբյանը մանրամասնել է զարդերը նվիրաբերելու մասին օլիգարխների կանանց ուղղված կոչի նպատակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր կոչով, որ պաշտոնյաների և օլիգարխների կանայք իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերեն Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր բարեգործական հիմնադրամին, ցանկացել է տեսակետները վերանայելու հնարավորություն տալ նրանց: Հակոբյանն այս մասին նշեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ:
Անդրադառնալով քննադատություններին, վարչապետի տիկինը նշեց, որ, ընդհանրապես, և՛ այդ, և՛ ցանկացած հարցի վերաբերյալ քննադատություններին վերաբերում է մեծ հետաքրքրությամբ: Մեծ հաճույքով ընթերցում է դրանք, քանի որ իրեն հետաքրքիր է հակառակ կարծիքը:
«Այդ հայտարարության վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցին: Տվյալ պարագայում այդ վայրում այդ մայրերի ներկայությամբ իմ խոսքի առաջնային նպատակը հիմնադրամին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը չէր: Դրա նպատակը, ավելի ընդհանրական ասած, կոռուպցիայի դեմ պայքարն էր: Հիմնադրամների համար միշտ էլ կարելի է գումար գտնել: Որդիներին կորցրած մայրերի ներկայությամբ նման հայտարարության իմաստը հիշեցնելն էր, որ կյանքում լինում են նաև նման դեպքեր, և կան ավելի թանկ բաներ, քան այդ զարդերը: Իրականում իմ այդ կոչի իմաստը տվյալ լսարանում և այդ մայրերի ներկայությամբ միայն այդ նպատակն ուներ»,- ասաց Աննա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ եթե իր այդ կոչից հետո որոշ մարդիկ վերանայեն իրենց տեսակետը և մտածեն՝ ինչ ունեն և ինչ կարելի է կորցնել, ինքն իրեն բավարարված կհամարի, եթե նույնիսկ նման միտք իրենց տված լինի: Ինչ վերաբերում է զարդեր տալուն կամ նվիրատվություն անելուն, Հակոբյանը նշեց՝ կարող են դա նույնիսկ անանուն անել, և այն կլինի իր այդ կոչի երկրորդական արդյունքը:
«Թանկարժեք զարդեր կարելի է կրել, հարցն այն է, թե ինչ ճանապարհով են դրանց ձեռք բերվել: Եթե դու թալանում ես երկիրն ու ունես զարդեր, և կա մեկը, ով երկրին տվել է իր թանկագինը՝ որդուն, պետք է կշեռքի վրա դնես ու հասկանաս՝ արժե՞ արդյոք այդպես վարվել»,- նշեց վարչապետի տիկինը:
«Ֆեյսբուքյան ասուլիս» Աննա Հակոբյանի հետ՝ Բաղրամյան 26-ի բակից. 09.10.2018
«Ֆեյսբուքյան ասուլիս» Աննա Հակոբյանի հետ՝ Բաղրամյան 26-ի բակից. 09.10.2018
Gepostet von Ազատություն ռադիոկայան am Dienstag, 9. Oktober 2018