Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի մասնակիցներին հիացրեցին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների նորարարությունները

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք տնտեսական ֆորումի մասնակիցները «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես այցելության ընթացքում հիացմունք հայտնեցին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հաջողությունների առթիվ: Մասնակիցներն այցելել էին ցուցահանդես հոկտեմբերի 9-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանի ուղեկցությամբ:

«Որոշեցինք մեր հյուրերին անպայման հնարավորություն  տալ նաև մասնակցելու և տեսնելու Հայաստանում որոշ վայրեր: Եվ քանի որ «Դիջիթեք էքսպո»-ն այս տարի կազմակերպվելու էր հոկտեմբերի 5-7-ը, որոշեցինք կազմակերպիչների հետ մի փոքր երկարաձգել և հնարավորություն ընձեռել, որ ՏՏ ոլորտում ներկայացված մեր բոլոր ընկերությունները կարողանան հյուրերին ներկայացնել մեր արտադրանքը և այն աշխատանքը, որն իրենք կատարում են»,-ասաց Ադամյանը:

Հյուրերը ծանոթացան տեխնոլոգիական զարգացման գլոբալ միտումներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրեցին նորարական լուծումները:

Ֆրանսիացի գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիրներից մեկը՝ Լուի Պուզանը նշեց, որ հայկական ընկերություններն իրեն իսկապես զարմացրել են:

«Շրջայցի ընթացքում ինձ հասցրել են հատկապես մի քանի տեղերում զարմացնել: Հայաստանի ընկերություններն ունեն նորարարության զգացողություն, ապագայի նկատմամբ պատկերացումներ, քայլում են աշխարհին համահունչ»,-ասաց Պուզանն ու հավելեց՝ ընկերություններն արդեն հասցրել են տպավորել իրեն:

Պուզանը լինելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տնտեսական ֆորումի հիմնական բանախոսներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս