ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի գաղտնալսման ընթացքում Վահե Գրիգորյանի հիշատակման առնչությամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության և ՀՀ ԱԱԾ ղեկավարի և ՀՀ ՀՔԾ պետի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի վարքագծի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել է կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 05.10.2018թ. թիվ 361-Ա որոշմամբ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա փաստաբան Վահե Գրիգորյանի (արտոնագիր՝ թիվ 450) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով:
Նշված որոշման մեջ մասնավորապես նշվել է՝
Տուժողի (իրավահաջորդի) ներկայացուցչի դատավարական շփումները (այդ թվում՝ դատավարական համագործակցությունը) դատավարության սուբյեկտ հանդիսացող նախաքննության մարմնի հետ, իրավաչափ են:
Պաշտոնատար անձանց կողմից Վահե Գրիգորյանին, որպես փաստաբան և փորձագետ դիտարկելու և նրան որոշակի վարքագիծ դրսևորելու հանձնարարության նմանվող խոսակցությունը ինքնին չի կարող Վահե Գրիգորյանի կողմից այդպիսի կախյալ կարգավիճակում հանդես գալու իրական փաստի մասին վկայել, նույնիսկ այն պարագայում, երբ Վահե Գրիգորյանն այդ խոսակցությամբ ակնկալվող վարքագիծը կդրսևորեր:
Վահե Գրիգորյանի ակտիվ վարքագիծը, այդ թվում՝ հրապարակային ելույթները, կարող են տեղավորվել «Մարտի 1-ի» հայտնի գործով տուժողի (իրավահաջորդի) շահերի պաշտպանության գործողությունների մեջ:
Ինչ վերաբերում է ՀՔԾ ղեկավարի այն խոսքին, որ «…հատուկ քննչական ծառայության ղեկավարը ի պաշտոնե, նախաքննություն իրականացնող անձ չէ: Նախաքննություն իրականացնող անձը քննիչն է, այդ քննչական խմբի ղեկավարը և քննչական խմբի քննիչները: Հատուկ քննչական ծառայության ղեկավարը ծառայության ընդհանուր ղեկավարումն է իրականացնում, այսինքն հատուկ քննչական ծառայության ղեկավարը այդ քննությանը միջամտելու իրավական հնարավորություն էլ չունի:», ապա դա չի կարող այնպես մեկնաբանվել, որ տուժողի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի համագործակցությունը նույն մեղադրանքի կողմում գտնվող նախաքննության մարմնի հետ չի եղել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն դատավարության սուբյեկտ համարվող «քննչական բաժնի պետ» հասկացության մեջ մտնում է նաև հատուկ քննչական ծառայության պետը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ և 193-րդ հոդվածների պահանջներից հետևում է, որ ՀՔԾ ղեկավարը նույնպես հանդիսանում է քրեական դատավարության սուբյեկտ և օժտված է նախաքննության նկատմամբ դատավարական ազդեցության լայն հնարավորություններով:
Հատկանշական է նաև, որ որևէ փաստացի տվյալ առկա չէ, որ փաստաբան Վահե Գրիգորյանն իր վերոհիշյալ համագործակցությամբ գործել է իր վստահորդների շահերին հակառակ:
Որոշումը հասանելի է հետևյալ հղումով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ