Ուկրաինայի Չեռնիգովի մարզում առնվազն 63 մարդ է տուժել զինանոցում բռնկած հրդեհի հետևանքով
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինանոցում բռնկած հրդեհի հետեւանքով այրման արգասիքներից թունավորվել է ավելի քան 60 մարդ, որոնք բուժօգնության են դիմել: Այդ մասին հայտնել է Չեռնիգովի մարզի վարչակազմի մամուլի ծառայությունը: «Զոհվածներ չկան:
Ծխի պատճառով 63 մարդ է դիմել հիվանդանոց՝ վատ ինքնազգացողությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մարզի վարչակազմի տվյալներով՝ շտապօգնության լրացուցիչ մեքենաներ են ուղարկվել պատահարի շրջան: Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում եւ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հայտնել էին տուժածների բացակայության մասին: Զինամթերքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 9-ի գիշերը: Փրկարարների օպերատիվ շտաբի տվյալներով՝ հնարավոր խոցման գոտում գտնվում է 30 բնակավայր՝ մոտավորապես 20 հազար բնակչությամբ:
Ըստ վերջին տվյալների, արդեն տարհանված է շուրջ 12 հազար քաղաքացիական անձ: Պատահարի վայրում աշխատում է զինվորական դատախազների խումբը, այնտեղ է ուղեւորվել հանրապետության վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) քննիչները դիվերսիան դիտարկում են որպես Չեռնիգովի մարզի զինապահեստում բռնկած հրդեհի վարկածներից մեկը: Այդ մասին հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ստուգում են Չեռնիգովի մարզի ռազմական պահեստում զինամթերքի պայթյունի մի քանի վարկած: Մասնավորապես, ՈւԱԾ-ը իր իրավասության շրջանակներում դիտարկում է հնարավոր դիվերսիայի վարկածը»,-նշել են մամուլի ծառայությունում:
ՈւԱԾ-ում հավելել են, որ գերատեսչությունը մինչդատական հետաքննություն է իրականացնում պայթյունների փաստով բաց քրեական գործի շրջանակում: Ավելի վաղ Ուկրաինայի Կենտրոնական տարածաշրջանի զինվորական դատախազության մամուլի ծառայությունում հայտնել են, որ պատահարը հետաքննվելու է «Ծառայության նկատմամբ զինծառայողի անփույթ վերաբերմունք, որը ծանր հետեւանքներ է առաջացրել» հոդվածով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: