Արարատ Միրզոյանը ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների հետ: ՀՀ առաջին փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ:
«Քննարկեցինք Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր։ Խոսեցինք նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»,- գրել է Արարատ Միրզոյանը։
ՀՀ առաջին փոխվարչապետն ընդունել է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ Կնյազ Հասանովին և Արսեն Միխայլովին: «ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովի և Արսեն Միխայլովի հետ քննարկեցինք Հայաստանում քրդական և ասորական համայնքների խնդիրները։ Խոսեցինք նաև ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»,- գրել է Միրզոյանը։
Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ, ով հոկտեմբերի 8-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին: Հոկտեմբերի 8-ին ևս մի խումբ պատգամավորներ հայտարարել են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը կողմ լինելու մասին: Մասնավորապես, նման հայտարարություններով են հանդես եկել ԱԺ պատգամավորներ Արթուր Գևորգյանն ու Արման Սահակյանը, ովքեր դուրս են եկել ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունից: Պատգամավոր Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է, որ առաջիկա օրերին լքելու է ՀՀԿ խմբակցությունը: