ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ հարթակ է համարում աֆրիկյան երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու համար
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ հարթակ է աֆրիկյան մայրցամաքում ավելի ճանաչելի դառնալու, Հայաստանի տնտեսական կարողություններով այդ շուկա մտնելու և համագործակցությունն ընդլայնելու համար: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Իհարկե, մենք ունենք նաև այլ հարթակներ, բայց գագաթնաժողովի շրջանակում համագործակցության ոգին շատ լավ և օգտակար է օգտագործելու համար այս հարթակը, որպեսզի մեզ ավելի ճանաչելի դարձնենք Աֆրիկայում: Այս հարթակը նաև հնարավորություն է ուսումնասիրություններ անելու, մեր տնտեսության կարողություններով այդ շուկաներ մտնելու և մեր շուկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար»,- ընդգծեց Մնացականյանը՝ հավելելով. «Մեզ համար բավական մեծ գերակայություն է, այս հարթակն օգտագործելով, աֆրիկյան մայրցամաքում ավելի երևելի աշխուժություն ցուցադրելու, մայրցամաքում աֆրիկյան բոլոր երկրների հետ աշխատելու համար»:
Նախարարը նշեց՝ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի հիմնականում գրեթե բոլոր աֆրիկյան պետությունների հետ, սակայն մի բան են դիվանագիտական հարաբերությունները, մեկ այլ բան է համագործակցությունն ընդլայնելը: