Խելացի տներից՝ մինչև բույսերի աճեցման այլընտրանքային եղանակ. Հայ աշակերտների նորարարությունները
Հանգստյան օրերին կայացավ ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Բացի ստարտափներից և ՏՏ ընկերություններից, ցուցահանդեսին մասնակցում էին նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «ԱրՄաթ» կրթական ցանցի սաները:
Խելացի տներից՝ մինչև բույսերի աճեցման այլընտրանքային եղանակ: «ԱրՄաթի» սաները ներկայացրել են մի շարք նորարարություններ, որոնք մշակել են դասընթացների ընթացքում:
Օրինակ՝ Գորիսի թիվ 4 դպրոցի սաները ներկայացրել են հավասարակշռությունը պահող ռոբոտ: Աշակերտները նշում են, որ իրենց պատրաստած սարքը կարող է պահել հավասաակշռությունը և բեռներ տեղափոխել:
Նմանատիպ սարքավորումները հիմա շատ են օգտագործվում, օրինակ՝ hoverboard-ների արտադրության մեջ: Նույն դպրոցի սաները ներկայացրել են նաև նկարող ռոբոտ: Ռոբոտին փոխանցվում է նկարը, իսկ այն շատ արագ պատկերում է նկարը թղթի վրա:
Այս տարի աշակերտները ներկայացրել են նաև խելացի տների օրինակներ: Երևանի Ավետիսյան դպրոցի աշակերտ Խոյեցյան Լյովան պատմում է, որ իր և իր թիմի պատրաստած խելացի տունը կարողանում է կատարել մի քանի հրահանգներ՝ օրինակ, բացել դուռը, կամ վառել լույսը: Լյովան պատմում է, որ սա տան փոքր տարբերակն է, բայց հետագայում իրենք ցանկանում են ավելացնել ավելի շատ հնարավորություններ՝ օրինակ՝ ծխնելույզ, ինչպես նաև՝ ավելի լավացնել տան դիզայնը:
Լյովայի ուսուցիչ Հայկ Կարապետյանը նշում է, որ խելացի տուն պատրաստելն իրենց թիմի գաղափարն է եղել: Իրենք դիտել են տեսանյութեր համացանցում և որոշել են պատրաստել խելացի տունը՝ իրենց ստանդարտներով:
Առաջիկայում թիմն աշխատելու է հակահրդեհային համակարգի ներդրման վրա: Հայկ Կարապետյանի խոսքով՝ այս պրոյեկտի վրա աշխատում են 5 հոգի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կոնկրետ աշխատանքը: Խելացի տունն աշխատում է հավելվածի միջոցով, որը գրել են թիմի անդամները: Հավելվածն այժմ հասանելի է բետա տարբերակով:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է նաև աերոպոնիկայի սարք, որը հնարավորություն է տալիս աճեցնել բույսեր՝ առանց հողի մեջ դնելու: Այս սարքավորումը կա նաև այլ երկրներում, Հովհանես Իմաստասեր «ԱրՄաթ» ինժեներական խմբակի անդամները նշում են, որ սա հայկական տարբերակն է:
Հողի փոխարեն՝ օգտագործվում են միայն ջուր և քիմիական նյութեր: Ըստ թիմի անդամների՝ այս սարքի միջոցով բույսերն աճում են ավելի արագ, քան սովորական պայմաններում, բացի այդ՝ այս միջոցով խնայվում է ջուրը: Թիմի անդամները նշում են նաև, որ այս սարքը կարող է օգտագործվել գյուղատնտեսության մեջ՝ դարձնելով բույսերի աճեցումն ավելի հարմար թե՛ ֆինանսապես, թե՛ հարմարավետության տեսանկյունից: Սարքը չափսերով շատ փոքր է և կարող է տեղավորվել նաև տանը, կամ տանիքին:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, տեսնելով «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների աշխատանքները, հայտնել է, որ պետական բյուջեից 300 մլն դրամ կհատկացվի «ԱրՄաթ» նոր ինժեներական լաբորատորիաների բացման համար:
Սիրարփի Աղաբաբյան