«Վենոմը» վարձույթի առաջատար է դարձել ԱՄՆ-ում և Կանադայում
Սարդ մարդու վերաբերյալ պատկերապատումների երկրորդական գործող անձի մասին «Վենոմ» ֆիլմը անցյալ հանգստյան օրերին Միացյալ Նահանգներում գլխավորել է ամենահասութաբեր ֆիլմերի ցանկը, չնայած քննադատների բացասական կարծիքներին։
BoxOfficeMojo կայքի տվյալներով՝ կինոնկարը հավաքել է 80 միլիոն դոլար ԱՄՆ-ում եւ Կանադայում եւ 209 միլիոն դոլար՝ ամբողջ աշխարհում՝ այդպիսով դառնալով ամենահաջող հոկտեմբերյան դեբյուտը պատմության մեջ: Ֆիլմի բյուջեն գնահատվում է 100 միլիոն դոլար: Ըստ որում քննդատների շրջանում ֆիլմի վարկանիշն՝ ըստ RottenTomatoes հեղինակավոր կայքի վարկածի, կազմում է ընդամենը 31 տոկոս: Քննադատները նշում են թույլ սյուժեն, ժանրային անմիատարրությունը եւ վատ հատուկ էֆեկտները, թեեւ խոստովանում էլ են ֆիլմում առկա հումորը եւ գովում են գլխավոր դերակատար Թոմ Հարդիի խաղը:
Անցյալ հանգստյան օրերին առեւտրային տեսակետից ամենահաջող ֆիլմերի ցուցակի երկրորդ տեղում է «Աստղ ծնվեց» երաժշտական մելոդրաման՝ Բրեդլի Քուպերի եւ Լեդի Գագայի մասնակցությամբ (42,6 միլիոն դոլար), երրորդ տեղում է «Սմոլֆուտ» մուլտֆիլմը (14,9 միլիոն դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: