«Կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, որ այստեղ անարժան մեկը չէր նշանակվի». Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյան
Հոկտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, որին կմասնակցեն թվով 14 թեկնածուներ։
Քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 9-ից, որի ընթացքում էլ բոլոր թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը և կփորձեն շահել էջմիածինցիների վստահության քվեն։ Իսկ մինչ քարոզարշավի մեկնարկը 168.am-ը զրուցել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի հետ, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնը զբաղեցնում է հունիսի 25-ից։
– Մոտ չորս ամիս է՝ Դուք նշանակվել եք Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ի՞նչ աշխատանքներ եք այս ընթացքում իրականացրել քաղաքում, էական ի՞նչ փոփոխություններ եք կատարել։
– Նախ՝ ամենակարևոր խնդիրը, որի լուծմանն ընթացք է տրվել՝ ներքաղաքային տրանսպորտի հիմնումն է, բայց այն տեսանելի չէ։ Եթե դուք փողոցում մարդկանց հարցնեք, նրանք այս խնդիրը կնշեն՝ որպես քաղաքի առաջնահերթություններից, սակայն այն չեն նշի՝ որպես արդեն արդյունք։ Սա շատ աշխատատար գործընթաց է։ Նախ մենք քարտեզագրել ենք քաղաքը, նշել ենք կանգառներն ու երթուղիները՝ երեք երթուղիով ներքաղաքային տրանսպորտ ստեղծելու։ Սա ենթադրում է աշխատանք Կապի և տրանսպորտի նախարարության հետ, այժմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ բոլոր գրություններն ուղարկվել են, և շուտով ձևավորվելու է հանձնաժողով։
Դրանից հետո արդեն մրցույթ կհայտարարվի, և հաղթող ընկերությունը կղեկավարի քաղաքի ներքին տրանսպորտը։ Սա խնդիր է, քաղաքը երկար տարիներ չի ունեցել ներքաղաքային տրանսպորտ, սակայն մինչև այս տարվա վերջ վստահաբար այն քաղաքում կգործի։ Հաջորդ կարևոր խնդիրը քաղաքի ծայրամասային թաղամասի մոտ 4000 մետր ծավալով կոյուղագծի անցկացումն էր, որի մեկնարկը ևս տվել ենք, այն իրականացնում ենք ՀՀ կառավարության հետ համատեղ հրատապ ծրագրով և համայնքի համաֆինանսավորմամբ՝ 20 տոկոսի չափով։
Իմ ուշադրության կենտրոնում են եղել մանկապարտեզները, թիվ 14 մանկապարտեզում փոխվել են խմբասենյակի բոլոր պատուհանները, որոնք Խորհրդային Միության ժամանակից մնացել էին և գտնվում էին անմխիթար վիճակում, փոխել ենք նաև տանիքը։ Թիվ 13 մանկապարտեզը բակի խնդիր ուներ, ջրահեռացման աշխատանքներ են կատարվելու, որից հետո կասֆալտապատենք։ Իսկ նոր տարում արդեն կա փոքրիկ ներդրումային ծրագիր, որով կվերանորոգվի ամբողջ մասնաշենքը։ Այս ամենն արդյունք է, որի հետևում հսկայական աշխատանք է թաքնված։
Շուրջ 7000 քմ փոսալցման, ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել, այս ամենն ուղեկցվելու է նոր մրցույթներով, քանի որ նախկինում նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ իրականացրել են Մանվել Գրիգորյանի հետ փոխկապակցված անձինք կամ հենց նրան պատկանող ընկերությունները, մանկապարտեզներին դարձյալ նրա ազգականն է սնունդ մատակարարել։ Քարերն իրար վրա դնելով՝ մենք բավականին ծրագրեր ենք իրականացրել։
– Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այս պաշտոնը ստանձնելուց հետո, աշխատանքի ընթացքում Ձեզ հաճախ են խոչընդոտում, ովքե՞ր են խոչընդոտում, և Ձեր թվարկած աշխատանքների իրականացման ճանապարհին եղե՞լ են արդյոք նման դեպքեր։
– Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, հավանաբար նկատի եմ ունեցել, որ ակնհայտորեն հակաքարոզչություն են տանում։ Տեսել եք արդեն, որ քաղաքապետի արտահերթ ընտրություններում 14 թեկնածու կա, այսինքն՝ ես ունեմ 13, հակառակորդ չասեմ, բայց մրցակիցներ։ Նրանցից շատերը, ի զարմանս ինձ, իրենց ծրագրերը, արժեքը ներկայացնելու փոխարեն՝ շատ ակտիվորեն աշխատում են իմ դեմ, փորձում են հարկի ու անհարկի քննադատել։
Առողջ քննադատությանը լավ եմ վերաբերվում, այն օգնում է, բայց ակնհայտ կեղծ օգտատերերի միջոցով սա լուրջ արշավ է, որ իրականացվել է իմ դեմ հենց նշանակման առաջին օրվանից։ Ցանկացած լավ նախաձեռնության տակ հայտնվում են անգամ ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի կողմից վիրավորական գրառումներ։ Էջմիածինում իմ անձի և մեր գործունեության վերաբերյալ բամբասանքներ են տարածվում, որոնք իրականում բարոյականության դաշտից դուրս են։ Չի կարելի պատերի տակ այդքան բամբասել և չի կարելի մարդուն այդքան սխալ լույսի ներքո ներկայացնել։ Կարծում եմ՝ մարդիկ պետք է գիտակից լինեն և հասկանան, որ, եթե բոլորն աշխատում են այդ մեկի դեմ, նշանակում է՝ այդ մեկն իրենից ուժ է ներկայացնում։
Ի վերջո, մարդիկ չպետք է տրվեն սադրանքների, որովհետև դրանք աշխատանքներ են, որոնք տարվում են այսօր հեղափոխական թիմի թեկնածուի դեմ, որը վայելում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարումը, առաջադրվել է այդ կուսակցության կողմից։ Կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, որ այստեղ անարժան մեկը չէր նշանակվի, քանի որ թիմը կադրային ընտրության հարցում պատասխանատու է։
Այսինքն՝ այս ամենը սադրանքներ են և աշխատանք, որն արդեն տարվում է չորս ամիս համացանցում, պատերի տակ։ Ես հավատում եմ, որ էջմիածինցին գիտակից է, խոհեմ, այնպես որ, չեմ կարծում, որ սա ազդեցություն է ունենալու մարդկանց վրա։
– Այս պարագայում քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու շանսերը որքա՞ն եք գնահատում:
– Համոզված եմ, որ իմ կատարած աշխատանքով՝ այս ընտրություններում հաղթելու եմ, որովհետև Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ այս ընտրություններում մարդիկ իրենց վստահության քվեն են տալիս հեղափոխությանը և վարչապետին։ Առավել ևս վերջին իրադարձություններից հետո, երբ մենք ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ-ին ապացուցելու խնդիր ունենք, որ վարչապետը և հեղափոխությունը վայելում է ժողովրդի ճնշող մեծամասնության վստահությունը, խնդիր ունենք նաև տեղերում այդ ամենը ցույց տալու։ Այսինքն՝ Էջմիածինը Երևանից հետ չի մնալու և ըստ էության իր քայլով ցույց է տալու, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն։
– Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում վարչապետը մասնակցեց քարոզարշավին, Ձեր քարոզարշավին կմասնակցի՞, Ձեզ կաջակցի՞։
-Վարչապետն արդեն ինձ աջակցում է, իրականում այդ խոսակցությունները հաճախ եմ լսում, արդյո՞ք նա ինձ աջակցում է, թե՞ ոչ։ Վարչապետը կուսակցության անդամ է, իսկ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահն է, նա է ինձ այստեղ ներկայացրել՝ որպես թեկնածու, սա արդեն իսկ վարչապետի աջակցություն է։
Թույլ տվեք նրա փոխարեն չորոշել, կարծում եմ՝ վարչապետը կկարևորի ոչ թե քարոզարշավը, կամ հատուկ չի գա այստեղ, որպեսզի ընտրություններում ինձ անցկացնի, նա այստեղ կգա, որովհետև Էջմիածինը կարևոր քաղաք է, այստեղ մեծ գործ է արվել, և էջմիածինցին սպասում է վարչապետին, քանի որ քաղաքն ազատագրվել է նրա ջանքերով։ Այսինքն՝ վարչապետն առաջին հերթին կգա Էջմիածին, որովհետև կարևորում է այս քաղաքը, այնուհետև կանդրադառնա ընտրություններին։ Այնպես որ, մենք գոնե մեկ անգամ վարչապետին սպասում ենք։
– Երբ նշանակվեցիք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ անկուսակցական էիք, այժմ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդա՞մ եք։
– Այո, ես դարձել եմ կուսակցության անդամ։ Սա ամենևին չի արվել՝ որպես պարտադրանք, նախկինում ես մինչև հունիսի 22-ը եղել եմ քաղծառայող, և օրենքով արգելվել է լինել որևէ կուսակցության անդամ։ Որոշեցի անդամագրվել կուսակցությանը, քանի որ դավանում եմ այն արժեքներին, որոնք կրում է կուսակցությունը։ Եթե չլինեի քաղծառայող, ապա վաղուց այդ կուսակցության անդամ կլինեի, դեռ հիմնադրման օրվանից։ Այս ամենից հետո որոշեցի արագ անդամագրվել կուսակցությանը, քանի որ դավանում են այն արժեքներին, որոնք ներկայացնում է կուսակցությունը։
– Ձեր պաշտոնավարումից ի վեր չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ դուք հաշվեհարդար եք տեսնում Մանվել և Կարեն Գրիգորյանների կողմնակից անձանց նկատմամբ, որպես օրինակ՝ կա Էջմիածնի համայնքապետարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի նախկին պետին աշխատանքից հեռացնելը, որը համարվում է Գրիգորյանների մտերիմը։
– Այս խոսակցությունների ինչ-որ մասը ճիշտ է, բայց դա սխալ է ներկայացվում։ Այսինքն՝ Մանվել Գրիգորյանի ժամանակ աշխատած մարդկանցից ոմանք ազատվել են աշխատանքից, սակայն այդ ամենը բոլորովին էլ հաշվեհարդար չէ, այլ թիմի հարց։ Կարծում եմ՝ ցանկացած նորանշանակ պաշտոնյա փորձում է աշխատել իր թիմի հետ, կամ այն թիմի, որը կիսում է իր արժեքները։ Իմ նշանակումից հետո փոխել եմ իմ երկու տեղակալներին, որոնք ելակետային ֆիգուրներ են ըստ էության։
Կարծում եմ՝ բնական է, որ ես չէի աշխատելու Կարեն Գրիգորյանի ժամանակ աշխատած փոխքաղաքապետերի հետ։ Սա ամենևին չի նշանակում, որ նրանց պիտակավորում եմ, պարզապես նրանք իմ թիմը չեն, այլ նախկին իշխանություններինն են, որը, բնականաբար, փոխվեց։
Փոխքաղաքապետերից մեկն այստեղից դուրս է եկել իր դիմումի հիման վրա, չնայած երկուսն էլ դուրս են եկել իրենց դիմումների համաձայն։ Փոխքաղաքապետերից մեկը, ով Կ. Գրիգորյանի ազգականն էր, արժանապատվորեն հայտարարեց, որ ցանկանում է դուրս գալ և չի ցանկանում աշխատել նոր թիմի հետ։ Երկրորդ փոխքաղաքապետի հետ մենք խոսեցինք, և ասացի, որ չեմ ցանկանում իր հետ աշխատել և որոշումը թողեցի իր կամքին։ Իսկ սա դարձել է բամբասանքի թեմա, իբրև ես նրան խնդրել եմ՝ մնա, սակայն նա մերժել է, այնինչ տեղի է ունեցել ճիշտ հակառակը։
Ինչ վերաբերում է ՔԿԱԳՎ նախկին պետին, ապա տվյալ անձն ունեցել է խնդիր իր նշանակման պահից սկսած, մասնավորապես՝ նա չի ունեցել օրենքով և պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ աշխատանքային փորձ, ըստ էության նշանակումն արդեն եղել է խախտմամբ։ Նա եղել է Մանվել Գրիգորյանի կնոջ ընկերուհին, բայց սա նրան հեռացնելուց դեր չի խաղացել։
Այս պահին պաշտոնակատար է նշանակվել, առաջիկայում կհայտարարվի մրցույթ, և պաշտոնը կզբաղեցնի նա, ով արժանի է։ Շահարկում են, թե իմ ընկերուհուն եմ նշանակել այդ պաշտոնին. բնականաբար, այդ պաշտոնին նշանակելու էի մի մարդու ում ճանաչում էի, և ներկայիս պաշտոնակատարին ճանաչում եմ՝ որպես պրոֆեսիոնալ, սա ժամանակավոր որոշում է։ Եթե մրցույթում ներկայիս պաշտոնակատարը չհաղթի, ապա չի զբաղեցնի այս պաշտոնը։
– Նշեցիք, թե վստահ եք, որ հոկտեմբերի 21-ի ընտրություններում Դուք եք լինելու քաղաքապետ, եթե հանկարծ չընտրվեք, որոշե՞լ եք, թե հետագայում ինչո՞վ եք զբաղվելու։
– Աշխատանք գտնելու խնդիր չունեմ, թող անհամեստ չհնչի, բայց ես լավ մասնագետ եմ, ունեմ անցած ճանապարհ և իսկապես կարիերայի առումով շատ բաներից եմ զրկվել, շատ հնարավորություներ եմ ունեցել Եվրոպա մեկնելու և աշխատելու համար։ Սակայն ես ընտրեցի իմ քաղաքը, այսինքն՝ շատ բաներից եմ հրաժարվել այստեղ հայտնվելու համար։ Եթե չընտրվեմ, առաջին քայլս կլինի հաղթող թեկնածուին շնորհավորելը։ Կարծում եմ՝ էջմիածինցին վստահության քվե կտա հեղափոխությանը։
Զվարթ Խաչատրյան