Ամենացածր ցուցանիշը վաստակել է ՀՀ առողջապահության նախարարը, ամենաբարձրը՝ ԱԱԾ պետը
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն Հայաստանի ամբողջ տարածքում 18 տարեկանից բարձր անձանց շրջանում սեպտեմբերի 3-11-ն իրականացրել է սոցհարցում՝ պարզելու, թե ինչպես են մարդիկ գնահատում նոր կառավարության և վարչապետի գործունեությունը։
Մի շարք հարցերի թվում եղել է նաև նոր կառավարության անդամների ղեկավարած կառույցների աշխատանքը գնահատելու վերաբերյալ հարց։
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ այդ կառույցների աշխատանքը գնահատվել է 1-5 բալային սանդղակով, որտեղ 1-ը նվազագույնն է, իսկ 5-ը՝ առավելագույն գնահատականը։
Ըստ հարցման արդյունքների, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի աշխատանքը գնահատվել է 4,35 բալով, 4,56 բալով գնահատվել է՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, 4,39-ով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, 4,09 բալով՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, և 4,1-ով՝ ՀՀ սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանի աշխատանքը։
«Ամենացածր ցուցանիշը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 3,37 բալ»,- տեղեկացրեց Արամ Նավասարդյանը։
Զվարթ Խաչատրյան