Բաժիններ՝

Շվեդիայում կբացվի Գարշելի կերակրի թանգարան

Աշխարհում առաջին՝ Գարշելի կերակրի թանգարանը հոկտեմբերի 31-ին կբացվի Շվեդիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Մալմյոյում: Այդ մասին գրել է Independent թերթը՝ վկայակոչելով թանգարանն ստեղծող Սեմյուել Վեստին:

Նշվում է, որ թանգարանում կցուցադրվեն ամենից «ոչ միանշանակ» կերակրատեսակներն ամբողջ աշխարհից. շնաձկան նեխած մսից, որը նրբախորտիկ է Իսլանդիայում, մինչեւ հարավասիական դուրիան գարշահոտ միրգը, որը Սինգապուրում նույնիսկ արգելված է տեղափոխել հասարակական տրանսպորտով:

Որպես «ցուցանմուշներ» նաեւ կներկայացվեն շվեդական պահածոյացված թթու դրած ծովատառեխը, տապակած ծովախոզուկը Պերուից, Սարդինիայում ժողովրդականություն վայելող պանիրը՝ թրթուրներով եւ ցլի սեռական օրգաններով: Թանգարանն ստեղծող Սեմյուել Վեստը նաեւ Շվեդիայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում բացված Ձախողումների թանգարանի հիմնադիրն է:

Գարշելի կերակրի թանգարանի բոլոր «ցուցանմուշները» կպահվեն բժշկական փորձանոթներում՝ հոտի պահպանման համար, իսկ դրանց կեսն ամեն օր կփոխվի, ինչը, Վեստի խոսքով՝ թանգարանին ոչ քիչ ծախսեր կպատճառի: Հրատարակության տվյալներով՝ թանգարանը բաց կլինի ընդամենը երեք ամիս՝ մինչեւ 2019 թվականի հունվարի վերջը: Մուտքի տոմսի արժեքը կկազմի 185 շվեդական կրոն (շուրջ 20 ամերիկյան դոլար), երեխաների համար մուտքը կլինի անվճար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս