Ի՞նչ անձնական տվյալներ է հավաքում ձեր մասին Google-ը և ինչպես կանխել դա
Ինչպե՞ս պարզել, թե ինչ գիտի Google ը ձեր մասին, արդյո՞ք դա կարող է վնասել ձեզ, և ինչպես կանխել ընկերության կողմից ձեր տվյալների հավաքագրումը:
Հիմա ավելի ու ավելի շատ է խոսվում այն մասին, որ ինտերնետ-կորպորացիաները պահում և օգտագործում են օգտատերերի անձնական տվյալներ, և Google-ը, բնականաբար, բացառություն չէ: Ի պատասխան դիմորդների բողոքների` Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտն ասել է. «Եթե կա մի բան, որ չեք ցանկանում ոչ մեկին ասել, մի տեղադրեք դա համացանցում»:
Մի կողմից՝ համացանցը վաղուց դարձել է անհրաժեշտ գործիք, իսկ անձնական հաշիվն ընկալվում է՝ որպես անձնական տարածք: Սոցիալական ցանցեր, քարտեզներ, որոնման դաշտեր. այս ամենը մենք համարում ենք մեր սեփականը: Մյուս կողմից՝ կոնկրետ ծառայությունները պատկանում են այն ընկերություններին, որոնք շահագրգռված են օգտատերերի անձնական տեղեկատվությունը հավաքագրելով:
Խնդիրը լուծելու համար համացանցից հրաժարվել պետք չէ: Պարզապես ձեզ հարկավոր է հասկանալ, թե որ տվյալներն են պատկանում ոչ միայն ձեզ, և ինչպես է պետք պաշտպանել դրանք:
Ձեր գտնվելու վայրը
Սմարթֆոնի քարտեզը հիշում է բոլոր վայրերը, որտեղ դուք եղել եք: Մի կողմից՝ սա նպաստում է քարտեզի լավ աշխատանքին, մյուս կողմից՝ դուք կարող եք անակնկալի գալ՝ հասկանալով, թե որքան շատ բան գիտի համակարգը:
Դուք կարող եք ջնջել այս տեղեկատվությունը՝ մաքրելով թե՛ առանձին հասցեները, թե՛ հասցեների ամբողջ պատմությունը:
Որոնումների պատմությունը
Որոնման պատմությունը պահվում է բոլոր սարքերում, որոնցից օգտատերը մուտք է գործել իր Google հաշիվ: Նույնիսկ, եթե դուք ջնջեք պատմությունը մեկ սարքի վրա, ապա համակարգը կպահպանի տվյալները մյուսներում:
Google-ը ոչինչ չի մոռանում: Դուք կարող եք մաքրել պատմությունը և կարգավորել այն, թե որ տեղեկատվությունը չպետք է պահպանվի, բայց դա պետք է անեք ինքներդ:
Հավելվածների պատմությունը
Google-ը պահում է տեղեկատվություն յուրաքանչյուր հավելվածի և ընդլայնման մասին: Սա նշանակում է, որ համակարգը գիտի, թե երբ եք դուք անկողնում, երբ եք գնում կինոթատրոն, կարդո՞ւմ եք գրքեր կամ փնտրո՞ւմ եք աշխատանք:
Հարցումներ YouTube-ի միոցով
Google-ը հիշում է, թե ինչ եք դուք փնտրել տեսանյութեր դիտելու համար նախատեսված կայքով: Հետևաբար, այն գիտի, թե ինչ տիպի ֆիլմեր են ձեզ դուր գալիս, և կարող է գովազդներում ներկայացնել համապատասխան առաջարկ:
YouTube-ում որոնումները հնարավոր է ջնջել առանձին-առանձին, բայց ոչ ամբողջությամբ:
Գովազդ՝ հատուկ ձեզ համար
Անձնական տեղեկություններն օգտագործվում են նպատակային գովազդի ստեղծման համար, որը թույլ է տալիս գովազդատուներին ընտրություն կատարել որոշակի պարամետրերով` աշխարհաքաղաքական, սեռի, տարիքի, հարցումների, և այլն: Համակարգը հիշում է, թե որ ապրանքներն եք դիտել առցանց խանութներում, այնպես որ, համակարգում կարող են հայտնվել գովազդային ապրանքներ, որոնք դուք փնտրել եք AliExpress-ում:
Ձեր մասին հավաքագրված տվյալները կարող եք բեռնել, կամ պահպանել ամպային պահոցում: Դա կարող եք անել ձեր հաշվի կարգավորումների takeout բաժնում: The Guardian-ը գրում է, որ որոնողական համակարգն իր մասին հավաքագրել էր ավելի քան 5 ԳԲ տեղեկատվություն:
Այս տեղեկատվությունը ներառում է որոնումներ, նամակներ, կոնտակտներ, օրացույցի իրադարձություններ, գրքեր և խաղեր, Google Drive-ի ֆայլեր, լուսանկարներ, գաղտնաբառեր և այլն: Մեկ ուրիշի հաշվին մուտք ունենալու դեպքում, կարող եք իմանալ նրա մասին գրեթե ամեն ինչ:
Ցավոք, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տվյալները երրորդ անձանց մոտ չեն հայտնվի: Ինտերնետ-հանցագործները դրանք կարող են օգտագործել ամենատարբեր նպատակներով:
Նման դեպքերից խուսափելու համար պետք է գոնե ուշադիր ընթերցել այն փաստաթղթերը, որոնք սովորաբար անտեսվում են: Մի՛ պահեք իսկապես գաղտնի տեղեկատվությունը համացանցում և մի զլացեք ինքնուրույն կարգավորել ձեր հաշիվը: Եթե ոչ դուք, ապա ոչ ոք չի անի դա ձեր փոխարեն:
Սիրարփի Աղաբաբյան