«Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հակասում է գործընկերության սկզբունքներին». Էրդողան
Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հակասում է երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության սկզբունքներին: Այդ մասին PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն ենք ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ցանկացած երկրի համար, որը մեր ռազմավարական գործընկերն է, անտեղի կլիներ հնարավոր պատժամիջոցների մասին խոսել իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ: Թուրքիան միշտ էլ կատարել է իր՝ որպես ռազմավարական գործընկերոջ պարտավորությունները, մենք դա այսուհետեւ էլ անելու ենք»,- ասել է նա:
Էրդողանը նաեւ ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ նա շարունակում է աջակցել «Դեմոկրատական միություն» կուսակցությանը եւ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիային, որոնց Թուրքիան համարում է հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) սիրիական ճյուղավորումը: «Երբ մեր ռազմավարական գործընկերը կողք-կողքի աշխատում է ահաբեկչական կազմակերպությունների հետ, դա մենք չենք կարող ընդունել»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է որ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործով քաղաքական որոշում չի լինելու, հարցը կլուծի անկախ դատական համակարգը: Էնդրյու Բրանսոնին, որն ապրում էր Իզմիրի շրջանում, ձերբակալել են անցյալ տարի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապերի մեղադրանքով:
Մեղադրող կողմը նրա համար պահանջում է 35 տարվա բանտարկություն, բայց պաստորը լիովին ժխտում է իր մեղքը: Բրանսոնի հետ կապված իրադրությունը խիստ լարվածության պատճառ է դարձել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն օգոստոսի 1-ին պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի եւ արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի նկատմամբ այն բանի պատճառով, որ Անկարան Բրանսոնին թույլ չտվեց վերադառնալ հայրենիք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: