Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։
Նախագահը Սարգսյանը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ։
Զրուցակիցների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին:
Նախագահ Սարգսյանը կարեւորել է ֆրանսիական հայտնի ընկերության գործուն եւ ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:
Միջուկային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ Orano ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը մեր երկրում, մասնավորապես մասնակցությունը Հայկական ատոմային էլետրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։
ADS ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է մեր երկրի ներդրումային գրավչությանն ու գործարար միջավայրին, ներկայացրել փոխգործակցության ներուժը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանում ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ։
Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաեւ սննդամթերքի առաքման ոլորտում գործունեություն ծավալող հայտնի Sodial ընկերության ղեկավարության հետ։
Հանդիպման ընթացքում խոսվել է համագործակցության հնարավորությունների մասին։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ուսումնասիրելու սննդարդյունաբերության ոլորտը եւ արտահանման հեռանկարները։
Խոսելով մեր երկրի ընձեռած մրցակցային առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ։