«Այս ԱԺ-ն պահել մինչև 2022 թ. հեշտ չի լինի, ինչպեսև գործող իշխանության համար հեշտ չի լինի մինչև այդ ժամկետը պահպանել նման մեծ ժողովրդականություն»
ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երևան վերադառնալուն պես խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին բանակցությունների հրավիրելու մասին՝ քննարկելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները։
«Ըստ էության՝ տնտեսական և ներդրումային միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու նկատառումով մենք, թերևս, պիտի աշխատենք ավելի վաղ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման գործընթացը, որովհետև մեր տնտեսությունը, գիտեք, վերջին ամիսներին չեմ կարող ասել, որ վատ վիճակում է, բայց մեր տնտեսության կառուցվածքը որևէ լավատեսության հիմք չի տալիս և ակնհայտ է դարձնում, որ մենք այդ կառուցվածքը պետք է փոխենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մինչդեռ ԱԺ-ում դեռևս հարաբերական մեծամասնություն պահպանող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կտրականապես դեմ են արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նշում, թե դրա համար «հիմքեր և անհրաժեշտություն» չեն տեսնում։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ գործող իշխանությունը պետք է հնարավորինս արագ գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, ընդ որում՝ դրա անհրաժեշտությունը տրամաբանորեն բխում է Երևանի ավագանու ընտրությունների ելքից.
«Այս խորհրդարանը պահել մինչև 2022 թ. հեշտ չի լինի, ինչպես նաև գործող իշխանության համար հեշտ չի լինի մինչև այդ ժամկետը պահպանել նման մեծ ժողովրդականություն: Խորհրդարանական ընտրությունների անցկացման համար այն խնդիրները, որ կան Փաշինյանի և նրա թիմակիցների առջև, տեխնիկական են՝ օրենսդրության փոփոխություն և այլն»:
«168 Ժամի» հարցին՝ ՀՀԿ-ի տրամադրվածությունը լուրջ խնդիր չի՞ լինի, Ն. Փաշինյանն ինչպե՞ս կհաղթահարի այդ խոչընդոտը, Ա. Իսկանդարյանը պատասխանեց.
«ՀՀԿ-ն 2 խնդիրներից մեկն է, դրանք են՝ ՀՀԿ-ի՝ օրինական օրենսդիրի ընդդիմացումը և ինստիտուցիոնալ պոտենցիալի բացակայությունը, այսինքն՝ քաղաքական համաձայնության թույլ լինելը: Մենք արդեն ավագանու ցուցակով դա տեսնում ենք, կադրերը քիչ են: Խնդիր կա կուսակցության ապագայի, որ պետք է ձևավորել:
ՀՀԿ-ի գործոնը՝ ինձ թվում է, որ, եթե լինի կամք և լայն աջակցություն, ապա ՀՀԿ-ի վրա ազդելու տարբերակ կգտնվի, ինչպես եղավ մայիսի 1-8-ին: Չեմ ուզում հուշել, բայց կարելի է գտնել հնարավորություն՝ մարդկանց գնել, խոսել, մտածել իրավական ձևեր, բայց եթե կամք լինի, դա հնարավոր է»:
Մեր դիտարկմանը, որ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց ի վեր Սերժ Սարգսյանը լուռ է, քաղաքագետը նման որոշումը «ճիշտ» բնորոշեց։
Թե ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ի՞նչ շանս կունենա, քաղաքագետը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե երբ կլինեն ընտրությունները, եթե աշնանը կամ ձմռանը, ապա ԱԺ անցնելու շանսը մեծ չէ: Ձմռանից հետո ինչ-որ բան կարող է փոխվել, բայց ոչ շատ լուրջ: Հաշվի առնելով մյուս երկրների փորձը, որ անցել են նման իրադրության միջով, և հաշվի առնելով ներկայիս իշխանությունների ժողովրդականությունը, Փաշինյանի բարձր վարկանիշը դեռ շատ երկար կպահպանվի: Դաշտը լրջորեն փոխելու հնարավորությունը չի բավարարի ՀՀԿ-ին: Գուցե ռեբրենդինգ անելու, ինչ-որ բան փոխելու դեպքում ինչ-որ մի ժամանակ ապագայում հնարավոր է՝ ՀՀԿ-ն կրկին շանս ստանա»:
Հետաքրքրվեցինք նաև, թե քաղաքական ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանը։ Քաղաքագետի կարծիքով՝ այսօրվա դրությամբ պատկերացնել փոքրիշատե լուրջ քաղաքական գործընթաց, այսինքն՝ Քոչարյանի մասնակցություն ընտրություններին, կուսակցության ստեղծում կամ եղած որևէ կուսակցության օգտագործում, և զգալի քանակի քվեների ստացում, շատ դժվար է.
«Քոչարյանը, կարծես թե, հեռահար խաղ է սկսել, այսինքն՝ ինչպես ինձ է թվում, նա ինչ-որ ծրագրեր ունի ոչ միայն քաղաքական ուղիով ինքն իրեն պաշտպանելու համար, բայց ամեն դեպքում, եթե դա այդպես է, դա տևական խաղ է։ Իսկ առաջիկա ընտրություններում Քոչարյանի վարկանիշը չի կարող այնքան բարձրանալ, որ լուրջ արդյունքներ ապահովի։ Իհարկե, նա օգտագործում է քաղաքական գործիքը՝ հետապնդումից պաշտպանվելու համար։ Դա, անխոս, այդպես է, բայց բացի դրանից՝ կարող է լինել, որ նա երկարատև խաղի ծրագրեր նույնպես ունի։ Սակայն այս պահին նա որևէ լուրջ բան, չեմ կարծում, թե կարող է անել»։