«Ստեղծվել է բավական նյարդային մթնոլորտ, որտեղ Երևան քաղաքն անցել է երկրորդ պլան». Արարատ Զուրաբյան

«Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը յուրահատուկ է համարում ու նմանեցնում պառլամենտական ընտրությունների քարոզարշավին։ Այսօր ասուլիսի ժամանակ Ա.Զուրաբյանը հայտարարեց, որ Երևան քաղաքը ստորադասվել է, իսկ սեպտեմբերի 23-ին ընտրելու ենք քաղաքապետ, որը սեպտեմբերի 24-ին պետք է ստանձնի Երևանի հանդեպ ծառայությունը, բայց թեկնածուները շեղվել են։

«Ստեղծվել է բավական նյարդային մթնոլորտ, որտեղ Երևան քաղաքն անցել է երկրորդ պլան», – ասաց Ա.Զուրաբյանը:

Ըստ նրա՝ ի վերջո, քաղաքացիները դուրս կգան քարոզարշավի հարթակից և «կվերադառնան» Երևանին, թե ինչպիսի քաղաք պետք է լինի։ Ա.Զուրաբյանը կարևորեց բանավեճերը թեկնածուների միջև՝ ափսոսանք հայտնելով, որ դրանք չկան, ծրագրերը չեն քննարկվում, այլ քննարկվում է, թե «ով է մեզ հետ, ով մեզ հետ չի»։

«Այս կամ այն քաղաքական հայացքներ կրող հոսանքը կարող է ունենալ առավելություն, բայց թե ինչպիսին կլինի նրա թեկնածուն քաղաքապետի պաշտոնում, շատ լուրջ հարցեր է առաջացնում։ Այս մթնոլորտը չի նպաստում նրան, որ երևանցին ամեն ինչ դնի մի կողմ և մտածի, թե ով է լինելու քաղաքապետը և ով է զբաղվելու խնդիրների լուծմամբ»,- ասաց Ա.Զուրաբյանը՝ երկրորդական համարելով, թե ով է սկսել և ով է շարունակել «Իմ քայլի» և ԲՀԿ-ի միջև վերջին օրերի լարված իրավիճակը։

Կարդացեք նաև

«Երբ մարդիկ հնչեցնում են մեղադրանքներ միմյանց նկատմամբ, դա քաղաքական հարթակի խնդիր չէ, դա այլ հարթություն է, որը հատուկ է չզարգացած ժողովրդավարություններին, որոնցից մեկն էլ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունն է: Տա Աստված, այն կայանա և զարգանա», – ասաց Ա.Զուրաբյանը՝ կոչ անելով բոլորին՝ ոչ թե ստուգել իրենց ձայնի բարձրությունը, այլ՝ զբաղվել Երևանի խնդիրներով:

Նա նշեց, որ ընտրակաշառքի դեպքերի մասին չի լսել. «Ես կարծում եմ՝ այդ երևույթն անցյալում է մնացել։ Միակ հնարավորությունը՝ ունենալ նորմալ երկիր, նորմալ քաղաք, դա արդար ընտրությունների իրականացնումն է։ Եթե դա հաջողվի, կարծում եմ, ամենալուրջ ձեռքբերումը կլինի այս փուլում»։

Տեսանյութեր

Լրահոս