Բաժիններ՝

Ինչպես աղոթել մերձավորի և հանգուցյալի համար

«Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, որ որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. 7:7):

Աղոթքը երկխոսության ձև է Աստծո և մարդու միջև, իսկ միմյանց համար աղոթելը՝ միջնորդություն-խնդրանք՝ հանուն դիմացինի փրկության։ Մեծապես կարևոր է ողջերի աղոթքը ննջեցյալների համար և առավել կարևոր՝ ողջերի աղոթքը ողջերի համար։

Պատարագի ժամանակ հավատացյալները սովորություն ունեն աղոթքի խնդրանքով դիմել քահանային՝ աղոթելու հիվանդի բժշկության կամ ննջեցյալ հարազատի հոգու փրկության համար։ Եկեղեցիներում ընդունված ավանդույթ է թերթիկների վրա գրել այն մարդկանց անունները, ում համար դիմում են Աստծուն հատուկ խնդրանքով։

Ինչպե՞ս, ե՞րբ և ո՞ւմ պետք է դիմել անունները փոխանցելու համար։

Թղթերի վրա գրում են հիվանդ հարազատ(ներ)ի, կամ հանգուցյալ(ներ)ի անունները և ազգանունները, նշելով, թե հոգեհանգստյան թե՞ բժշկության համար է։ Այդ թղթերը Ս. Պատարագից առաջ հանձնում են քահանային, ով դրանք բարձրացնում է Ս. Սեղան։ Ս. Պատարագի արարողության ժամանակ պատարագիչ քահանան իր աղոթքներում հիշատակում է անուններն ըստ համապատասխան կարիքի։

Ի՞նչ գրել թղթի վրա։

Թղթի վրա գրում ենք նախ՝ բժշկության աղոթք կամ հոգեհանգիստ, ապա համապատասխանաբար՝ անունները։ Ճիշտ կլինի գրել անունը և ազգանունը։ Թղթի վրա կարելի է գրել այնքան անուն, որքանի կարիքը կա։

Ե՞րբ և ինչպե՞ս է դա կարդացվում։

Թղթերը քահանան կարդում է Ս. Պատարագի ժամանակ։ Պարտադիր չէ ներկա լինել եկեղեցում անուններն ընթերցելու ժամանակ, քանի որ, երբ քահանան կարդում է անունները, հավատացյալներն այդ աղոթքը չեն լսում։ Սակայն ցանկալի է մասնակցել Ս. Պատարագին անկախ այն բանից, թե աղոթքի համար դիմել եք քահանային, թե ոչ։

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է գրել

Որևէ սահմանափակում չկա բժշկության կամ հոգեհանգստյան աղոթքի խնդրանքով քահանային դիմելու հարցում։ Հնարավոր է նույն անունները ամեն կիրակի Ս. Պատարագի ժամանակ հանձնել քահանային՝ աղոթքի խնդրանքով։

Կարևոր է իմանալ

Մարդիկ իրենց մերձավորի կամ հանգուցյալի համար կարող են աղոթել նաև տանը, սակայն Ս. Պատարագի ժամանակ քահանան բժշկության կամ հոգեհանգստյան կարգ է կատարում, որը հավատացյալները չեն կարող անել տանը։

Պարտադիր չէ թղթի վրա գրել միայն մկրտվածների անուններ, բոլորի անուններն էլ կարելի է գրել, անկախ նրանից մկրտված են, թե ոչ։

Հասմիկ Թամամյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս