Բաժիններ՝

Բրավո, Հասմիկ Պապյան

Բրավո, բրավո, Հասմիկ… սա դահլիճից որոտընդոստ ծափերի տակ հնչած արձագանք-գնահատականն էր՝ ուղղված ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանին: Աշխարհի ամենամեծ բեմերը իր բացառիկ երգի ճախրանքով՝ Նորմայով, Աիդայով, Տոսկայով…. համաշխարհային եւ հայկական ամենամեծ կոմպոզիտորների բազմագույն, բազմածավալ ծրագրերով, իր ներքին ու արտաքին աննկարագրելի հմայքով նվաճած երգչուհին այսօր կրկին մեզ հետ է՝ ոգեւորված անկախության մեր այսքան երիտասարդ սերնդի անխոնջ պայքարի ելած «թավշյա հեղափոխականների» հետ ոչ միայն իր երգով, այլեւ սրտացավ հայի, բարձրաճաշակ մտավորականի ուղերձով, կոչով ու խանդավառությամբ:

Արդեն քանի տարի «Քնար» երաժշտասերների միությունը հուսահատ պայքար է մղում եթերից ու բեմերից հնչող եւ ոչ մի կերպ չնահանջող անճաշակ, ավերիչ երգի դեմ եւ դեռ չգիտենք մինչեւ երբ….

Վերջապես կավարտվի՞ այս ազգակործան, աղետաբեր երգերի ու մեղեդիների, անիմաստ ու գռեհիկ հումորների, անգրագետ, ապաշնորհ հարցազրույցների հորձանքը, որ կլանում է մեր ողջ հասարակությունը, անխնա ապականելով մատաղ սերնդին, կանխելով նրա հզոր գենետիկ ընդունակությունների ու ձգտումների բնական ընթացքը: Այո, ժամանակն է, որ «պտտվենք մեր հոգեւոր երաժշտության շուրջ»: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ առաջարկում է Հասմիկ Պապյանը:

Ունենալով այսքան հարուստ, այսքան հանճարեղ գանձարան, մեր ողջ միջնադարով մինչեւ մեր օրերը, մենք ակամա թունավորվում ենք այս օտարածին կլկլոցներով հնչած երգով ու մեղեդիով: Նոր Հայաստանի ամենահրատապ հրամայականն է մաքրենք ոչ միայն մեր քաղաքն ու երկիրը աղբից, այլեւ մեր մշակույթը, մեր արվեստը հեռու պահենք աղբաբույրից:

Կարդացեք նաև

Մաքուր օդը մեր մարմնին է պետք, իսկ զուլալ, ազգային բարձրարվեստ երգն ու մեղեդին՝ մեր հոգուն: Եվ հենց այս իմաստով ավելի քան գնահատելի է Հասմիկ Պապյանի ներկայությունն ու գոյությունը, կենարար օդի, ջրի պես անհրաժեշտ ուղղորդում է ոչ միայն իր անզուգական կատարումներով, իր սրտահույզ խոսքով, այլեւ իր վճիտ հայացքով աշխարհին ու հային նայող, զննող մեկնաբանություններով:

Մնում է մաղթենք նրան, որ իր երգի անեզր սլացքը օգնի տուն դառնալ աշխարհով մեկ ցրված մեր շատ ու շատ շնորհալի երգիչներին: Եվ ինչպես մեր երգչուհին ինքն է ասում՝ «Իմ ապագան տեսնում եմ այստեղ»: Նրանք էլ իրենց ապագան տեսնեն երկիրը շենացնելու, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նարեկացու, Չարենցի պատգամներով ապրեցնելու մեջ:

«Քնար» երաժշտասերների միություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս