Նահանջ ստանդարտ ռեժիմին: Կառավարությունը հրաժարվո՞ւմ է ամբիցիոզ նպատակներից
Այսօր կայացած Կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերի շարքում չզեկուցվող կարգավիճակով հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հարցը:
Այս որոշումը ըստ էության կառավարության ծրագրից բխող այն հիմնարար փաստաթուղթն է, որը մատնանշում է առաջիկա 5 տարիների անելիքները և պետք է դառնա գերատեսչությունների պատասխանատուների սեղանի այն փաստաթուղթը, որի վրա ամեն օր մատիտով պետք է «պլյուս-մինուս» անեն արածն ու չարածը և ջանք չխնայեն ծրագրերի իրականացման համար: Թե ի՞նչ սպասումներ կան այս ծրագրի հիմքում, կխոսենք ավելի ուշ, իսկ մինչ այդ վերլուծենք, մեր կարծիքով, տնտեսության համար առավել մեծ կարևորություն ունեցող ոլորտների համար ներկայացված ծրագրերը և դրանց նշանակությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործողությունների ծրագիրը բաղկացած է 29 կետից, իր մեջ ներառելով՝ ինչպես սոցիալ-տնտեսական ծրագրեր և միջոցառումներ, այնպես էլ՝ զբաղվածության, աշխատողների իրավունքների պաշտպանության, ծնելիության մակարդակի բարձրացման, կենսամակարդակի բարձրացման և հարակից այլ ոլորտներում: Այս բնագավառում առավել մեծ ուշադրության են արժանի 1 և 10-րդ կետերը: 1-ին կետը վերաբերում է նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, սակայն հետևյալ ձևակերպմամբ՝ Նվազագույն ամսական աշխատավարձի հետևողական բարձրացման հնարավորության քննարկում՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները:
Փաստորեն նախկինում հնչող աշխատավարձերի շեշտակի բարձրացման վերաբերյալ ամբիցիոզ հայտարարություններից փաստացի նահանջել ենք «բարձրացման հնարավորության քննարկում» մակարդակին: Ինչ վերաբերում է 10-րդ կետին, որը վերնագրված է Պետական կենսաթոշակային համակարգի կատարելագործում՝ կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությանը բացառում, կենսաթոշակների չափերի բևեռացման մեղմում, կենսաթոշակների չափերի անհամաչափության հաղթահարման մեթոդաբանության սահմանում, իր մեջ ենթադրում է օրենսդրական փոփոխություններ, որի դիմաց, որպես ակնկալվող վերջնարդյունք, նշված է՝ 2019 թվականի հունվարի 1-ից վերանայել կենսաթոշակի չափը հաշվարկելու սկզբունքը, սահմանել նվազագույն կենսաթոշակի շեմ և Ծայրահեղ աղքատության հաղթահարում կենսաթոշակառուների շրջանում: Թե ինչ ծավալով ու մակարդակով կիրականանա այս փոփոխությունը, դեռևս վաղ է խոսել, սակայն նշենք, որ այս կետի իրականացումը պետական բյուջեի համար կարժենա 6.8 միլիարդ դրամ:
Առողջապահության նախարարության ոլորտի ծրագիրը առանձնանում է առավել թիրախային մոտեցումներով: Նախ և առաջ նախատեսվում է իրականացնել մարզային 9 բժշկական հաստատությունների ամբողջական վերանորոգում և տեխնիկական վերազինում, որը նախատեսվում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրով և պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախատեսվում է նաև Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում: Ոլորտային մյուս ծրագրերը միտված են առողջապահական առանձին ոլորտների արդյունավետության բարձրացմանը, էլեկտրոնային համակարգերի ներդրմանը, ապահովագրության համակարգի զարգացմանը և բժշկական ծառայությունների հասանելիության ապահովմանը:
Արդարադատության նախարարության ոլորտային ծրագրերից առանձնանում են Հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը, 10 մլրդ դրամ արժողությամբ միջազգային չափանիշերին համապատասխանող նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, հարցաքննությունների տեսաձայնագրման ինստիտուտի ներդնումը /20 մլն դրամ/, Դատավորների թվակազմի ավելացում /30 մլն դրամ տարեկան/, դատավորների վարձատրության բարձրացում /20 մլն դրամ/ և Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի (e-justice.am) մշակում և ներդրում՝ 1.5 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ:
Բավականին ընդհանրական և ոչ հստակ են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը: Այս բաժինը թեև տարանջատված է՝ ըստ առանձին ճյուղերի, սակայն որպես վերջնանպատակ՝ իրականացվող ծրագիր և աշխատանք չի մատնանշվում: Օրինակ, 6-րդ կետով ներկայացված է «Գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունների ծրագրի իրականացում», որպես որի վերջնարդյունք՝ նշված է գյուղատնտեսությունում տնտեսվարողների համար գիտության նվաճումների, նոր տեխնոլոգիաների և միջազգային փորձի հասանելիության բարձրացում և այլն, ինչը ոչ չափելի և դժվար գնահատելի է, մինչդեռ պետական բյուջեից այս ամենի համար նախատեսված է հատկացնել շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ գումար առաջիկա 3 տարիների համար: Սակայն, թե կոնկրետ թիրախային ինչ խնդիրներ է լուծելու և ինչ միջոցառումներ է իրականացվելու, ծրագրից հստակ չի երևում:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ոլորտային ծրագրում միանգամից ուշադրության է զարնում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգում և արդիականացում ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև՝ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի միջոցով, իսկ պլանավորված ֆինանսավորման միջոցների չափը՝ 300 մլն ԱՄՆ դոլար, որից՝ վարկ՝ 270 մլն դոլար, դրամաշնորհ՝ 30 մլն դոլար: Նախատեսվում է մշակել «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն», ինչպես նաև կառուցել և վերականգնել 4 ջրամբարներ, որի իրականացումը կարժենա 62.4 մլն եվրո, որից 50 մլն եվրոն վարկային միջոցների հաշվին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ծրագրերն իրենցից ներկայացնում են ոլորտի օրենսդրական կարգավորման կատարելագործում, ազատ մրցակցային և արդյունավետ գործարար միջավայրի ապահովում, արտահանման ներուժի և շուկաների հասանելիության ընդլայնում, ներդրումների խթանում, տնտեսության ինովացիոն զարգացում և ոլորտային այլ ծրագրեր: Այստեղ, իհարկե, ցանկալի կլիներ տեսնել առավել առարկայական մոտեցում, կոնկրետ նպատակաուղված և թիրախային ծրագրեր, որոնք նաև գնահատելի և չափելի կդարձնեին ծրագրերը և կբարձացնեին վարվող քաղաքականության արդյունավետությունը:
Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ծրագրերը վերաբերում են հիմնական պետական ֆինանսների կառավարման ադյունավետությանը, բյուջետային գործընթացի թափանցիկությանն ու կարգապահությանը, ինչը բխում է կառույցի բնականոն գործունեությունից: Առանձնակի ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ գրեթե բոլոր ծրագրերի իրականացումը նախատեսվում է առանց բյուջեից լրացուցիչ միջոցներ ներգրավելու, ինչը բյուջետային գործընթացի հիմնական պատասխանատուի կողմից իսկական «բյուջետնիկին» վայել մոտեցում է:
Պետական եկամուտների կոմիտեի ծրագրի բովանդակությունն ուղղված է իրեն վերապահված գործառույթների բնականոն իրականացմանը և կատարելագործմանը, որից առանձնանում է Հարկային և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում՝ ապահովելով ստվերային տնտեսության գնահատում, որը, թերևս, նոր և ողջունելի մոտեցում է այս համակարգի արդյունավետության բարձրացման հարցում:
Ամփոփելով այս հպանցիկ վերլուծությունը՝ կարող ենք փաստել, որ դիտարկված գերատեսչությունների զգալի մասը իր աշխատանքները շարունակում է բնականոն նախկին ռեժիմով, և առանցքային փոփոխություններ և միջոցառումներ չեն նախատեսվում:
Այս առումով, եթե դիտարկվող ծրագիրը համեմատենք նախկին, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ներկայացրած ծրագրի հետ, կտեսնենք, որ այն ժամանակվա որդեգրած առավել ամբիցիոզ նպատակներին այժմ փոխարինելու են եկել ոլորտային ստանդարտ ծրագրերը, և այս առումով կառավարությունը կարծես թե նահանջ է կատարել նախկին ստանդարտ աշխատանքային ռեժիմին: Իհարկե, այս ծրագիրը կառավարության գործունեության կազմակերպման ընդամենը մի բաղադրիչն է, և հնարավոր է (և խիստ ցանկալի), որ առաջիկայում այս ծրագրում լինեն էական փոփոխություններ, ոլորտային ծրագրերում ներառվեն առանցքային և թիրախային միջոցառումներ, որոնք լուրջ ազդեցություն կունենան սոցիալ-տնտեսական իրավիճակի և տնտեսության զարգացման վրա:
Հակառակ դեպքում, աստիճանաբար նվազելու են ծրագրի և կառավարության նկատմամբ այս պահին առկա բավականին բարձր վստահությունն ու դրական սպասելիքները:
ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ