Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության հարցերով երկխոսության. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանում աջակցում են Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության գաղափարին՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար, փոխանցում է Press TV-ն։
«Նա (Արաղչին) հաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ վարելու երկխոսություն Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ՝ կոլեկտիվ անվտանգության մեխանիզմ ստեղծելու համար, որը կլինի ինքնուրույն, հիմնված համաձայնության վրա և զերծ օտարերկրյա ռազմական միջամտությունից», – փոխանցում է Press TV-ն։
Հեռուստաալիքը ճշտում է, որ Արաղչին այդ հայտարարությունն արել է Բաղդադում, որտեղ կիրակի հանդիպումներ է անցկացրել Իրաքի նախագահ Նիզար Ամեդիի, Իրաքի խորհրդարանի խոսնակ Հայբաթ ալ-Հալբուսիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջիի հետ։
Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը, ըստ հրապարակման, «կոչ է արել տարածաշրջանային անվտանգության նոր մոտեցման», որը հիմնված է «համագործակցության և փոխադարձ վստահության» վրա։
Խոսելով Հորմուզի նեղուցի ապագա կառավարման մասին՝ Արաղչին ընդգծել է, որ Իրանը, իր պարտավորություններին և ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դրույթներին համապատասխան, նույնպես «կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ և կշարունակի համագործակցությունը Օմանի հետ՝ որպես հարևան ափամերձ պետության, ինչպես նաև երկխոսությունը տարածաշրջանի մյուս երկրների հետ», նշում է հեռուստաալիքը։

