«Փողոցային պայքարի ժամանակը շուտով գալու է. Խաղաղ գերի՞ հանձնվենք». Նուռ
Սահմանադրական դատարանում մեկնարկել է քաղաքական 7 ուժերի ներկայացրած դիմումի քննությունը՝ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Արդյո՞ք այս ամենին զուգահեռ՝ պետք է տեղի ունենա փողոցային պայքար, այս պահին որքանո՞վ է իրատեսական փողոցի գեներացումը։
Դիզայներ, նկարիչ, քանդակագործ Նուռն այս պահին դժվարանում է ասել, թե որքանով է իրատեսական փողոցային պայքարը, բայց կարծում է՝ փողոցային պայքարի ժամանակը շուտով գալու է։
«Փողոցային պայքարի ժամանակը շուտով գալու է։ Ամեն դեպքում այս պահին փողոցային պայքար սկսելը ճիշտ չէ, քանի որ այս սեզոնին շատ մարդիկ դրսում են, պետք է մարդկանց մեծ քանակ հավաքել փողոցում, որպեսզի հաջողեն։
Ինձ թվում է, որ ընդդիմությունը հենց այդպես էլ մտածում է, որ եթե փողոցային պայքարն այսօր սկսեցին, նորից հիասթափություն կլինի, ինչն էլ կարող է բերել նրան, որ հետո ավելի դժվար կլինի նորից սկսել ինչ-որ բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նուռը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ փողոցային պայքարը Հայաստանում կսկսվի աշնանը և, ի վերջո, կհաջողի։ Նաև կարծում է, որ ընդդիմությունը մտածված է անում այն, ինչ այս պահին անում է, քանի որ սկսել ինչ-որ բան ու չհաջողել՝ ավելի վատ կլինի, քան թե սկսել ուշ։
Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին՝ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու, համագործակցելու և առևտուր անելու, և հարցին՝ որպես դիզայներ, պատրա՞ստ է որևէ կերպ համագործակցել ադրբեջանցի որևէ դիզայների հետ, Նուռը պատասխանեց՝ պատրաստ չէ նույնիսկ այսօրվա Կառավարության հետ համագործակցել, էլ ուր մնաց՝ որևէ ադրբեջանցու։
«Առհասարակ ես կոլաբորացիաներ չեմ անում արվեստի մեջ, միանձնյա ստեղծագործող եմ։ Ինչ վերաբերում է կոլաբորացիա անել թշնամիների հետ՝ լինի մեր կառավարություն, թե ադրբեջանցու հետ՝ ինձ համար անհնարին ու անկարելի է»,- հավելեց դիզայները։
Ըստ նրա, եթե պատերազմ է մարդու ազատության, անկախության, արժանապատվության, հայրենիքի համար, և խաղաղություն է առանց այդ ամենի, ապա այդ դեպքում ինչի՞ մեջ են ընտրություն կատարում։
«Խաղաղ գերի՞ հանձնվենք, այս հարցը կարո՞ղ է ինչ-որ մեկի համար այս երկրում երկու պատասխան ունենալ։ Պատերազմի մասին իշխանությունների հայտարարությունները շատ էժանագին ու նողկալի շանտաժ են, որն անում են այս ազգի հետ։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա խաղաղությունն առանց երկրի, պետականության՝ որևէ մեկին պետք չէ»,- ընդգծեց Նուռը։

