Իսրայելը դիտարկում է զորքերի մասնակի դուրսբերումը Հարավային Լիբանանից. 13-րդ ալիք
Իսրայելը կարող է մասնակիորեն դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ երկու երկրների միջև կարգավորման քննարկվող մեխանիզմի շրջանակում։ Դրա մասին հայտնել է իսրայելական 13-րդ ալիքը։
Ալիքի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող մի շարք շրջաններից իսրայելական ստորաբաժանումների դուրսբերման հարցը քննարկվում է Վաշինգտոնում ընթացող՝ իսրայելական և լիբանանյան պատվիրակությունների միջև բանակցություններում։
Հեռուստաալիքի աղբյուրը իսրայելական ղեկավարությունում հայտնել է, որ իսրայելցի զինվորականները վերջին օրերին զբաղեցրել են առանձին տարածքներ՝ նպատակ ունենալով դրանք օգտագործել որպես բանակցությունների առարկա և հետագայում այնտեղից դուրս բերել ուժերը։ Ըստ նրա՝ այդ շրջանները դիտարկվել են որպես բանակցային ռեսուրս։
Ըստ քննարկվող փորձնական ծրագրի՝ Իսրայելը կարող է լքել որոշ դիրքեր Լիբանանի հարավում և դրանց վերահսկողությունը փոխանցել լիբանանյան բանակին։

