Դեռ մարտին էինք ասել՝ չեք անցնելու, մի՛ մասնակցեք. 5 ուժ ցույց տվեց, որ Փաշինյանի հեռանալն ավելի կարևոր է, չմասնակցեց. Սամվել Կարապետյան
Խմբագիրների հետ հանդիպման ընթացքում Սամվել Կարապետյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչո՞ւ չստացվեց միավորել ընդդիմությանը, և ընտրական պրոցեսից հետո քանի՞ ընկեր է «կորցրել» նա։
Սամվել Կարապետյանն արձագանքեց․ «Նախընտրական փուլի մասին․ ես հենց սկզբից հայտարարություն արեցի, չսկսեցի քաղաքական ուժ։ Սկսեցինք «Մեր ձևով» շարժումը, որը պետք է ցույց տար իշխանությանը, որ սխալ ճանապարհի վրա է։ Եվ ինձ թվում էր՝ իշխանությունը ուշքի կգա, և գոնե եկեղեցու վրա հարձակումները, սրբազանների ձերբակալումները կկանգնեցնի։ Բայց հետագայում, քանի որ հասկացա՝ շարժումը արդեն առել է մեծ թափ, և իշխանությունները գնալով ավելի են ուժեղացնում ճնշումները եկեղեցու վրա, և արդեն հասան հայ ինքնությանը, ես որոշում կայացրեցի, որ մենք արդեն ստեղծելու են քաղաքական ուժ և մտնելու ենք քաղաքական պրոցեսների մեջ։
Եվ, իհարկե, ես մեծ ցանկություն ունեի համախմբել ընդդիմությանը, քանի որ ես հասկանում էի՝ այդ հնարավորությունը մենակ ես ունեմ, որովհետև մարդիկ ինձ վստահում են․ բոլոր դեպքերում, եթե նույնիսկ ես իրենց հետ չեմ պայմանավորվել, իրենք հիմա էլ են ինձ վստահում։ Եվ նոր համախմբումը լինելու է, մեծ համախմբում լինելու է։ Բայց ես չեմ կարող մեղադրել մարդկանց, որ ամեն մեկն ուներ իր ամբիցիան, դրանք ձեր ասած խոշոր քաղաքական գործիչներն էին, որոնք տարիներով մասնակցում էին պրոցեսներին, շատ լավ ճանաչում էին քաղաքական դաշտը, շատ լավ ճանաչում էին հայ ժողովրդին, իրենք վստահ էին, որ իրենք անցնելու են շեմը։ Մենք բոլորի ուժը տեսնում էինք, մենք բոլորին բաց ցույց էինք տալիս, նույնիսկ թիվն էինք ասում՝ իրենք ինչքան կհավաքեն ընտրության օրը, հիմա բոլորը զարմացած են, որ այդ թվերը մենք իրենց ասել ենք նույնիսկ մարտ ամսին, ոչ թե մայիսի վերջին»։
Այս հանգամանքներն, ըստ Սամվել Կարապետյանի, պատճառ են դարձել, որ իրենց ուժը շեղվի դաշինքի մոդելից։
«Մենք ասեցինք՝ եթե դուք կիսում եք մեր մոտեցումները, եթե դուք ցանկանում եք ընդդիմության հաղթանակը, կա հեշտ մոդել՝ ընդամենը մի մասնակցեք, հայտարարեք, որ աջակցում եք մեզ․ մոտ 5 կուսակցություն այդ պայմանը ընդունեցին, իրենց հայտարարությունները արեցին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Նրանք ցույց չտվեցին բացարձակ ամբիցիաներ, ոչ մեկը պայման չդրեց, որ իրենց կողմից մեր ցուցակում մարդ լինի, նրանք անշահախնդիր ցույց տվեցին, որ իրենց համար Փաշինյանի հեռանալն ավելի կարևոր է, քան իրենց անձնական ամբիցիաները, ինչի համար ես իրենց շատ շնորհակալ եմ, ինչի համար մենք իրենց հետ շարունակելու ենք համագործակցել և իրենց հետ միասին տանելու ենք հաղթանակ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում

