Փաշինյանին տրված քարտ-բլանշի դիմաց Հայաստանի առաջ գին է դրվելու ընտրություններից հետո. Հակոբ Բադալյան

Ներկա իրավիճակն ըստ էության գնահատելու դեպքում ակնհայտ է, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է դարձել իշխանության փոփոխությունը։ 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման համոզմունք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունների թեմայի շուրջ։

Հակոբ Բադալյանն իր տեսակետը բացատրում է այն հանգամանքով, որ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ իրեն բավարար չէ պարզ մեծամասնությամբ իշխանություն պահելը, այլ նոր նշաձող է սահմանում՝ «սահմանադրական մեծամասնություն» Ազգային ժողովում, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Բադալյանի պատասխանն այն է, որ Հայաստանի ներկա իշխանությանն այս անբովանդակ «խաղաղության» քարտ-բլանշն ու միջազգային աջակցությունը տրվել է շատ կոնկրետ պայմաններով և շատ կոնկրետ գնի դիմաց, և այդ գինը ներկայացվելու է ԱԺ ընտրություններից հետո և ներկայացվելու է Հայաստանին, և սա է, որ շատ կարևոր է դարձնում խորհրդարանական ընտրություններով Հայաստանում իրավիճակ փոխելը։

Քաղաքական մեկնաբանն ընդգծում է՝ Փաշինյանի հայտարարությունը, թե «աղետաբեր պատերազմ է լինելու, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա խորհրդարանում», պարզ շանտաժ է հասարակությանը, որը վկայում է, որ իրենք էլ համոզված են, որ իրենց մատուցած անբովանդակ «խաղաղությունը» չի ընկալվում հասարակության կողմից։

Կարդացեք նաև

«Մարդիկ հասկանում են, որ ոչ մի խաղաղություն էլ չեն բերել, պարզապես իրավիճակն է հանգել այս կետին, այն էլ՝ Հայաստանի միակողմանի զիջումների գնով, ընդ որում՝ դա էլ հաջողվել է, որովհետև ուղեկցվել է միջազգային իրավիճակի փոփոխությամբ, այլապես Հայաստանի զիջումներն անգամ նույնիսկ այս անբովանդակ խաղաղությունը չէին բերելու։ Այս ամեն ինչը հասկանալով է, որ գնում են շանտաժի, որովհետև եթե տեսնեին, որ հասարակության մոտ կա այդ համոզմունքը, որ իսկապես բերել են երկարատև ու կայուն խաղաղություն, իրենք շանտաժի չէին դիմի։ Իրենք շանտաժի են դիմում, որովհետև տեսնում են՝ մարդիկ ամենևին համաձայն չեն այն ամենի հետ, ինչ մատուցվում է իշխանության քարոզչությամբ»,- մեկնաբանեց Հակոբ Բադալյանը։

Նա ուշադրություն է հրավիրում հատկապես ՔՊ-ի՝ ԱԺ ընտրությունների արդյունքում «սահմանադրական մեծամասնություն» կազմելու ձգտման շեշտադրման վրա՝ նշելով, որ Փաշինյանը, փաստորեն, ինչ-որ այլ նշաձող է սահմանում, ոչ թե պարզ մեծամասնություն։

«Պարզ մեծամասնությունը՝ ընտրողների ձայների 51 տոկոսը, բավարար է իշխանությունը պահելու համար, և դու ձևավորում ես կառավարություն՝ առանց կոալիցիայի անհրաժեշտության, և այս իմաստով, իհարկե, հարց է առաջացնում՝ ինչո՞ւ սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ էս մարդուն բավարար չէ պարզ մեծամասնությամբ իշխանություն պահելը։ Սահմանադրական մեծամասնությունը թույլ է տալիս սահմանադրական օրենքներ ընդունել, և այստեղ հիշում ենք, թե ինչ պահանջներ ունի Ալիևը։ Այլ խոսքերով՝ էս մարդը դեռ պետք է կատարի պահանջներ և պայմաններ։

Այդ «խաղաղություն» ասվածի քարտ-բլանշը և միջազգային աջակցությունը, որ տրվել է Հայաստանին, տրվել է շատ կոնկրետ պայմաններով և շատ կոնկրետ գնի դիմաց, և այդ գինը Հայաստանի առաջ դրվելու է խորհրդարանի ընտրությունից հետո։ Սա է, որ շատ կարևոր է դարձնում խորհրդարանի ընտրությամբ իրավիճակ փոխելը։

Ես այստեղ բացարձակ չեմ գնահատում՝ որ ուժն է լավ, որ ուժն է վատ, Նիկոլ Փաշինյանը հայրենասե՞ր, թե՞ դավաճան է, մյուս ուժերը հայրենասե՞ր, թե՞ «գուբերնիստ» են. այդ մանիպուլյացիաներից պետք է դուրս գալ և իրավիճակը գնահատել ըստ էության, և երբ գնահատում ենք իրավիճակն ըստ էության, ակնհայտ է, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է դարձել իշխանություն փոխելը, բայց ոչ միայն իշխանություն փոխելն, այլ ընդհանրապես, ներքին հարաբերությունների համակարգն ամբողջապես փոխելը, քաղաքական և հասարակական համակարգերի արդիականացումը, որը պետք է արվի հնարավորինս արագ։

Սա Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է, մնացյալը մանիպուլյացիաներ են, որոնց ծուղակից, կարծում եմ, մենք պետք է փորձենք լինել հնարավորինս հեռու»,- ընդգծում է Հակոբ Բադալյանը։

Ըստ վերլուծաբանի՝ Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցային մարտահրավերներով փորձում է առաջիկա ընտրություններում իր հիմնական մրցակիցներին՝ ընդդիմության առաջնորդներին ներքաշել հեռակա կամ ուղիղ «բանավեճի» մեջ և փորձել իր ոճով առավելություն ստանալ նրանց նկատմամբ՝ ինչպես ամիսներ առաջ նախկին նախագահներին էր հրավիրում Արցախյան բանակցային գործընթացի թեմայի շուրջ բանավեճի։ Բադալյանի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես չունի որևէ այլ տարբերակով իր առավելությունն իրացնելու հնարավորություն։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031