Իշխանության խաղի կամայական կանոնները վանում են ներդրողներին

«Հերիթեյջ» հիմնադրամի (The Heritage Foundation) 2026 թվականի «Տնտեսական ազատության ինդեքս» զեկույցը (աշխարհի 176 երկրի վերաբերյալ) Հայաստանի համար ոչ թե հերթական վիճակագրական հաշվետվություն է, այլ՝ գործող իշխանության քաղաքականության սթափ ու անկողմնակալ գնահատական։

Հայաստանը, ունենալով հնարավոր 100-ից 67.1 միավոր, շարունակում է դասվել «չափավոր ազատ» երկրների շարքին։ Առաջին հայացքից սա կարող է ընկալվել՝ որպես կայունություն, սակայն իրականում խոսքն առաջընթացի երկարատև կանգի մասին է։ 5 տարի շարունակ Հայաստանը մնում է նույն խմբում, ինչը նշանակում է, որ իշխանությունը չի կարողացել ապահովել որևէ որակական առաջընթաց՝ չնայած բարեփոխումների մասին բարձրագոչ հայտարարություններին։

Ավելին, 2026թ արձանագրված 1.7 միավոր աճը ոչ թե նոր ձեռքբերում է, այլ՝ վերադարձ ավելի քան տասնամյակ առաջ՝ 2015 թվականին գրանցված ցուցանիշին։ Այսինքն՝ տարիներ շարունակ իրականացված քաղաքականությունը սպառել է նախկինում կուտակված պոտենցիալը՝ 2017 թվականին Հայաստանը նույնիսկ կարողացել էր անցում կատարել ավելի բարձր՝ «հիմնականում ազատ» երկրների խումբ։ Մի խոսքով՝ այս վերջին 8 տարիների ընթացքում իշխանությունների կողմից թմբկահարված «ռեֆորմները» ոչ թե առաջ են մղել, այլ հետ գցել երկիրը՝ զրոյացնելով նախկինում գրանցված առաջընթացը։

Ներկա իշխանությունները ենթադրաբար փորձելու են հենվել որոշ ենթաինդեքսների աճի վրա՝ «առևտրի», «դրամավարկային» կամ «ֆինանսական ազատության»։ Բայց նույնիսկ այստեղ պատկերը խիստ մտահոգիչ է։ Օրինակ՝ «առևտրի ազատության» ներկայիս ցուցանիշը (75.0 միավոր) գերազանցում է միայն նախորդող հինգ տարիների ցուցանիշներին, իսկ մինչ այդ նման ցածր արդյունք վերջին անգամ գրանցվել է հեռավոր 1999 թվականին։ Այստեղ որևէ կառուցվածքային առաջընթացի մասին խոսելը պարզապես անլուրջ է։

Կարդացեք նաև

Միաժամանակ, առավել կարևոր՝ համակարգային բնույթի ցուցանիշները շարունակում են մնալ խիստ խնդրահարույց։ «Աշխատանքի ազատության» մակարդակն էապես զիջում է 2007–2017 թվականների ցուցանիշներին, իսկ «ներդրումային ազատության» ներկայիս արժեքից ավելի ցածր արդյունք վերջին անգամ գրանցվել է 2007 թվականին։ Սա հստակ ազդակ է այն մասին, որ տնտեսական միջավայրը կորցրել է իր գրավչությունը՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին դերակատարների համար։

Սակայն ամենախնդրահարույց պատկերը ձևավորվել է «օրենքի գերակայություն» խմբում։ Հայաստանը երկու հիմնարար ուղղություններով՝ «սեփականության իրավունքի պաշտպանություն» և «արդարադատության արդյունավետություն», դասվում է «տնտեսապես ճնշված» երկրների շարքին՝ զգալիորեն զիջելով համաշխարհային միջին ցուցանիշներին։ Սա նշանակում է, որ երկրում չեն ապահովվում տնտեսության բնականոն զարգացման համար անհրաժեշտ հիմնարար պայմանները՝ սեփականության պաշտպանվածություն, պայմանագրերի կիրառելիություն, անկախ և արդյունավետ դատական համակարգ։

Այլ կերպ ասած՝ ներդրողը Հայաստանում չունի բավարար երաշխիքներ, բիզնեսը չի վստահում դատարաններին, իսկ քաղաքացին չի տեսնում օրենքի անաչառ կիրառում։ Եվ այս գնահատականը հնչում է ոչ թե ներքաղաքական քննադատության շրջանակում, այլ՝ միջազգային հեղինակավոր կառույցի վերլուծության մեջ։

Այս համատեքստում հնարավոր չէ չհիշատակել պետության կողմից ՀԷՑ-ի բռնազավթումը, «ԱՆԻՖ» հիմնադրամի անփառունակ գործունեությունը, որի արդյունքում միլիոնավոր դոլարներ են փոշիացվել. սրանք ներդրողների համար դեպքերի հնարավոր զարգացումների ցցուն օրինակներ են, որոնք միանշանակ չեն վրիպել զեկույցի հեղինակների ուշադրությունից։

Պետության կողմից խոշոր տնտեսական օբյեկտների նկատմամբ ուժային ու ոչ թափանցիկ միջամտությունները ձևավորում են անորոշության մթնոլորտ, որտեղ սեփականությունը դառնում է քաղաքական քմահաճույքին ենթակա։

Ամփոփումը պարզ է2018 թվականին տնտեսական ազատության օրակարգով իշխանության եկած քաղաքական ուժը չի կարողացել ոչ միայն զարգացնել, այլև պահպանել նախկինում առկա ձեռքբերումները։ Երբ սեփականությունը լիարժեք պաշտպանված չէ, դատարաններին չեն վստահում, իսկ խաղի կանոնները կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ցանկացած պահի փոխվել, տնտեսությունը չի կարող լինել ազատ։

Այս պայմաններում ցանկացած «աճ» ժամանակավոր է, իսկ ցանկացած «հաջողություն»՝ փխրուն։ Եվ խնդիրը ոչ թե ցուցանիշների մեջ է, այլ համակարգի։ Քանի դեռ այդ համակարգը չի փոխվել, հետընթացը շարունակվելու է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031