Ալափարսի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Կասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր:
Անհամապատասխանությունների փաստն արձանագրել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները:
«Սննդամթերքի պահեստի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից։ Խոհանոցի առաստաղը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի և նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը»,- մանրամասներ են հայտնում ՍԱՏՄ-ից։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:



