Պեկինը Մերձավոր Արևելքում հավասարակշռում է պատերազմի եզրագծին
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկիզբը լուրջ աշխարհաքաղաքական փորձություն էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) համար, գրում է Նյու Յորքի Soufan Center-ը, որը մասնագիտանում է Ազգային անվտանգության արդիական հարցերում (հասկանալի է՝ ում):
Պեկինը սերտ տնտեսական և առևտրային կապեր է պահպանում տարածաշրջանի երկրների հետ և որոշակի դիվանագիտական հաջողությունների է հասել 2023 թվականին՝ հանդես գալով որպես միջնորդ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ միաժամանակ հավասարակշռելով պատերազմող խմբավորումների միջև:
Չին-իրանական հարաբերությունները կառուցվում են Թեհրանի և Պեկինի միջև երկարատև տնտեսական և քաղաքական կապերի վրա: Իրանի համար ՉԺՀ-ն կարևորագույն գործընկեր է, որը կարող է օգնել դիմակայել երկիրը տնտեսական և դիվանագիտական առումով մեկուսացնելու ԱՄՆ-ի փորձերին: Պեկինի համար Իրանը ոչ միայն էներգակիրների կենսական կարևոր աղբյուր է, այլև ռազմավարական կարևոր գործընկեր Մերձավոր Արևելքում, որն առանցքային դեր է խաղում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի գլոբալ ենթակառուցվածքային հայեցակարգի, մասնավորապես՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման գործում:
Սակայն ներկայիս պատերազմն արագորեն վերաճեց ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, և այժմ Պեկինը ստիպված է հավասարակշռել տնտեսական շահերի, ռազմավարական հավակնությունների և դիվանագիտության միջև աճող աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում:
Մարտի 2-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է՝ Պեկինը գնահատում է Իրանի հետ իր վաղեմի հարաբերությունները և աջակցում է Թեհրանին իր ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և ազգային արժանապատվության պաշտպանության հարցերում: Նա վերահաստատել է Չինաստանի սկզբունքային աջակցությունն Իրանի օրինական իրավունքներին և շահերին՝ բոլոր կողմերին զսպվածության կոչ անելով:
Վան Ին հատուկ կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ նախազգուշացնելով, որ հետագա էսկալացիան կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնմանը: Չինաստանի արտաքին գործերի նախարարը Պեկինի վստահությունն է հայտնել, որ Իրանը կպահպանի ազգային և սոցիալական կայունությունը, ինչպես նաև ընդգծել է Իրանի հարևանների «օրինական շահերը» հաշվի առնելու անհրաժեշտությունը, որն ուղղակի հղում է Պարսից ծոցի պետություններին վերաբերող Իրանի գործողություններին:
Միևնույն ժամանակ, չնայած Իրանի ռազմավարական և տնտեսական շահերին՝ Պեկինը մինչ այժմ պահպանել է զգուշավոր և դիվանագիտական դիրքորոշում: 2025 թվականի 12-օրյա պատերազմի ժամանակ էլ Չինաստանը նախապատվությունը տվեց միջնորդությանը և տարածաշրջանային փոխգործակցությանը, քան բաց քաղաքական աջակցությանը:
Վան Ին մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի երկրների գործընկերների հետ՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Օմանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունների ընթացքում Վան Ին նախազգուշացրել է, որ հակամարտության հետագա էսկալացիան և տարածումը այլ տարածաշրջաններ «չեն բխում Պարսից ծոցի երկրների շահերից»: Նա հավելել է՝ տարածաշրջանի պետությունները պետք է «հանդես գան արտաքին միջամտության դեմ» և «իրենց ապագան և ճակատագիրը վերցնեն իրենց ձեռքը», ինչը քողարկված քննադատություն է ԱՄՆ-ի և Իսրայելի հասցեին:
Մարտի 3-ին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցում Վան Ին հայտարարել է. «Չինաստանը դեմ է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական հարվածներին: Ուժի կիրառումը չի կարող իսկապես լուծել խնդիրը։ Ընդհակառակը, այն կբերի նոր խնդիրների և լուրջ հետևանքների»։ Սա համապատասխանում է մերձավորարևելյան ճգնաժամերի նկատմամբ Պեկինի վաղեմի մոտեցմանը, որը հակամարտությունների կարգավորման միջնորդությունն է, այլ ոչ թե կողմերին դիմակայության մեջ ներգրավելը:
Չինաստանի համար Իրանը եզակի տեղ է զբաղեցնում գլոբալ ենթակառուցվածքային հայեցակարգում։ Այն ոչ միայն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» աշխարհագրական ուղենիշ է, այլ նաև կենսական օղակ, որը կապում է Արևելյան Ասիան Եվրոպային ցամաքային տրանսպորտային և էներգետիկ երթուղիների միջոցով։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության «տնտեսական գոտին», որը կոչված է նվազեցնել կախվածությունը ծովային խցանումներից և ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ծովային ուղիներից, չի կարող արդյունավետ գործել՝ առանց Իրանի տարածքով կայուն հասանելիության:
Այս խնդիրն էլ ավելի արդիական է դարձել այն պատճառով, որ ներկայիս հակամարտությունը փաստորեն փակել է Հորմուզի նեղուցը՝ էներգետիկ զարկերակը, որով անցնում է էներգակիրների չինական ներմուծման մոտ 50%-ը։
Իրանն ապահովում է կարևորագույն ցամաքային հասանելիություն դեպի Եվրոպա և ունի նավթի և գազի հսկայական պաշարներ, որոնք Պեկինին անհրաժեշտ են ներքին աճի և էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացման համար: Այս ռազմավարական միջանցքի աշխատանքի խափանումները կարող են խաթարել Չինաստանի մատակարարման շղթաները, որոնք Չինաստանը Կենտրոնական Ասիայով կապում են Պարսից ծոցի իրանական նավահանգիստների հետ: Ընդ որում, Չինաստանը չունի կենսունակ այլընտրանքային ցամաքային երթուղիներ, որոնք կարող են համեմատվել Իրանի հետ նշանակությամբ, որոնք կապված չեն զգալի ծախսերի և ռիսկերի հետ։
Իրանի հետ ՉԺՀ-ի ռազմական համագործակցությունը սահմանափակ է և հիմնականում խորհրդանշական բնույթ է կրում։ Չնայած այն հանգամանքին, որ 2019 թվականից ի վեր երկու երկրները Ռուսաստանի հետ անցկացրել են վեց ամենամյա համատեղ ռազմածովային զորավարժություններ, որոնք կոչվում են «ծովային անվտանգության գոտի», այս զորավարժությունները ծառայում են որպես ավելի շատ ռազմավարական ազդանշան, քան խորը գործառնական ինտեգրման վկայություն: Բացի այդ, զենքի արտահանումն Իրան արդեն սահմանափակված է միջազգային պատժամիջոցներով։
Ի տարբերություն Պակիստանի, Իրանը չինական պաշտպանական արտահանման համար զգալի շուկա չի ներկայացնում։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները ցույց են տալիս վերջին տարիներին չինական զենքի վաճառքի կտրուկ անկում Թեհրանին, ընդ որում, Ռուսաստանը դարձել է Իրանի հիմնական ռազմական մատակարարը:
Սակայն ընդամենը մեկ շաբաթ առաջ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը մոտ է Պեկինի հետ չինական զենիթահրթիռային համալիրների, հակատանկային հրթիռների, բալիստիկ զենքի, հակաարբանյակային զենքի, ինչպես նաև գերձայնային հականավային թևավոր СМ-302 հրթիռների գնման գործարքի ավարտին:
Մոտ 290 կիլոմետր հեռահարությամբ СМ-302 հրթիռը կարող է սպառնալիք ներկայացնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար: Պեկինը հերքում է զենքի վաճառքի գործարքի կնքման փաստը։ Չնայած այն հանգամանքին, որ Իրանը Չինաստանին անհրաժեշտ է իր Եվրասիական հավակնություններն իրականացնելու համար, Պեկինի ռազմավարական հաշվարկը կառուցվում է ավելի շատ զգուշության, քան նվիրվածության վրա:
Մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև երկրորդ հակամարտությունը ցույց տվեց, որ աջակցությունը, որը ՉԺՀ–ն ցուցաբերում է իր գործընկերներին, հատկապես նրանց, ովքեր առճակատման մեջ են ԱՄՆ–ի հետ, սահմանափակված է մի շարք գործոններով, այդ թվում՝ խոշոր տնտեսական գործընկերներին իրենից չհեռացնելու և Արևմուտքի հետ հարաբերություններում լարվածության սրում թույլ չտալու ձգտմամբ: Պեկինի մոտեցումը հակամարտությանը բացահայտեց նրա արտաքին քաղաքականության հիմնական հակասությունը՝ իրեն դիրքավորելու ձգտումը որպես հակակշիռ ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանությանը՝ միաժամանակ խուսափելով ծախսատար հակամարտություններից, որոնք կարող են հանգեցնել ուղղակի առճակատման:
Նման երկակիությունը քննադատության է արժանանում հատկապես գլոբալ հարավի երկրների կողմից, որոնք Պեկինը դիտարկում են որպես արևմտյան հեգեմոնիայի այլընտրանք: Այս պետություններից շատերի համար Չինաստանի Կոմունիստական կուսակցության զգուշավոր դիվանագիտությունն ամրապնդում է այն տեսակետը, որ Պեկինը պատրաստ չէ վճռականորեն գործել, եթե դա ռազմավարական ռիսկեր է պարունակում:
2023 թվականին Իրանը դարձել Է ՉԺՀ-ի գլխավորած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ, սակայն առայժմ անվտանգության հարցերով այս բազմակողմ համաժողովը միայն հանդես է եկել հայտարարությամբ, որում «լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման և Իրանի վրա զինված հարձակման կապակցությամբ»:
Եթե պատերազմը ձգձգվի, Պեկինը կարող է օգուտ քաղել լոկալ հակամարտությունից, որը շեղելու է ԱՄՆ-ի ուշադրությունը և ռեսուրսները Մերձավոր Արևելքում: Քանի որ Չինաստանի կողմից ներկրվող նավթի մոտ 50%-ը գալիս է Մերձավոր Արևելքից, էներգակիրների մատակարարման ցանկացած երկարատև ընդհատում զգալի ռիսկեր կստեղծի ՉԺՀ տնտեսության և անվտանգության համար:
Քանի որ համաշխարհային կարգը շարունակում է մասնատվել, Պեկինը կհավասարակշռի հավակնությունները զսպվածության հետ Մերձավոր Արևելքում․ դա նշանակում է պահպանել խոշոր տնտեսական խաղացողի դերը՝ միաժամանակ սահմանափակելով անվտանգության պարտավորությունները, նույնիսկ, եթե հիմնական գործընկերները կենտրոնական դեր են խաղում Չինաստանի երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐԵՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



