ԱՄՆ-ն կարող է «բարեկամաբար» վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ. Թրամփ
Վաշինգտոնը քննարկում է Կուբայի կարգավիճակը փոխելու զանազան տարբերակներ, ներառյալ այդ երկրի նկատմամբ վերահսկողության հաստատումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
«Դա կարող է տեղի ունենալ բարեկամաբար, գուցեև ոչ: Դա նշանակություն չի ունենա, որովհետև նրանք իրոք անհնարին վիճակում են: Նրանք էներգիա չունեն, փող չունեն: Նրանք գտնվում են խորը հումանիտար ճգնաժամի մեջ, և մենք չենք ցանկանում դա տեսնել», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Հավանայի հետ հնարավոր համաձայնության մասին հարցին։
Միացյալ Նահանգների ղեկավարի կարծիքով՝ կղզու ծանր վիճակը համաձայնագրի կնքումը դարձնում է անխուսափելի: Թրամփը կարծում է, որ Կուբայի իշխանությունները «կա՛մ համաձայնության կգան, կա՛մ, միևնույն է, (ԱՄՆ-ն) դա (իշխանափոխություն) կանի նույնքան հեշտությամբ»:
Թրամփը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո: Ավելի վաղ նա բազմիցս պնդել է, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկման, քանի որ ԱՄՆ-ի ճնշման ներքո Վենեսուելան դադարեցրել է նավթի մատակարարումները երկրին:



