«Եթե սրանք իսկապես Իրանի գիտակցված քայլերն են, ապա դա կարող է նշանակել, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանն այդուհանդերձ ներգրավված են՝ պարզապես լռելյայն». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջեւանի օդանավակայանին: Սա թերեւս կամ նախազգուշացում է, զգուշացում, կամ սադրանք: Ի վերջո, բոլորովին անիրական կամ անհնարին չէ, որ անօդաչուն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով «շեղեին» որեւէ այլ ուղղությամբ: Ավելին, մեծ հարց է, թե կարո՞ղ են արդյոք լինել իրանական անօդաչուների «նմանակներ»:
Նախ իրանական բալիստիկ հրթիռի միջադեպ Թուրքիայում, իսկ հետո՝ Նախիջեւան: Այն, ինչ չստացվեց թուրքական ուղղությամբ, արդյո՞ք փորձ է արվում ստանալ Ադրբեջանի մասով: Այլ կերպ ասած, Ադրբեջանի ներգրավում Իրանի դեմ ակտիվ գործողությունների:
Այստեղ ուզում եմ հիշեցնել մի արտահայտություն, որ արել էր ԱՄՆ պատերազմի նախարար Հեգսեթը նախօրեին, ինչը լուրի տեսքով տեղադրել եմ ալիքում: Եվ տեղադրել էի ամենեւին ոչ պարզապես լուր լինելու համար: Հեգսեթը ասել էր, թե սկսելու են Իրանին հարվածներ հասցնել ավելի խորը տարածության վրա:
Ի՞նչ է նշանակում ավելի խորը տարածություն: Դա նշանակում է, որ հարվածները Ծոցի երկրների հենակետերից կամ պետք է դառնան առավել հեռահար, կամ պետք է Իրանի «հակառակ կողմից» ներգրավվեն «հենակետեր»: Իսկ դրանք որո՞նք են՝ Թուրքիա, Նախիջեւան-Ադրբեջան: Եթե Անկարան ու Բաքուն դիմադրում են, համաձայն չեն, ապա պետք է ստեղծել «նախադրյալներ»: Եվ ահա, Հեգսեթի հայտարարությունից անմիջապես հետո թե իրանյան բալիստիկ հրթիռի «թուրքական« պատմությունը՝ երեկ, թե այսօր Նախիջեւանի օդանավակայանի պատմությունը:
Սա իհարկե սադրանքի տարբերակի պարագայում: Եթե սրանք իսկապես Իրանի գիտակցված քայլերն են, ապա դա կարող է նշանակել, որ Իրանն ունի տեղեկատվություն, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանն այդուհանդերձ ներգրավված են՝ պարզապես լռելյայն:
Իհարկե պետք է նկատել, որ Իրանը կարծես թե հայտարարեց, որ չի ուղարկել որեւէ հրթիռ թուրքական ուղղությամբ: Տեսնենք, թե Թեհրանն ինչ կարձագանքի Նախիջեւանի մասով:
Իսկ «Նախիջեւանը» այդ իմաստով կարծես թե «խորհրդավոր» է: Հիշենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ին հենց Նախիջեւանից խոցվեց ռուսական խաղաղապա զորքը ուղեկցող ռուսական ուղղաթիռը, իբրեւ թե շփոթությամբ»:



