Իսրայելը և Իրանը նոր հարվածներ են փոխանակել
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածների նոր փուլ է սկսել Իրանի ուղղությամբ։ Իրանն իր հերթին հայտնել է Իսրայելի և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ հարվածների մասին։
ԻՊԲ-ն հաղորդագրության մեջ նշել է, որ թիրախավորել է Իրանի հրթիռային կայանքները, հակաօդային պաշտպանության համակարգերը և լրացուցիչ ենթակառուցվածքներ։
Թիրախավորվել են նաև մայրաքաղաք Թեհրանը, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» ուժերը, Իրանի ներքին անվտանգության հրամանատարության հետ կապված շենքերը։
Միևնույն ժամանակ, CBS News հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան B-2 ռմբակոծիչները հարվածել են ԻՀՊԿ հրամանատարական կետերին, ինչպես նաև զենքի պահեստներին ու իրանական հրթիռների արտադրամասին։
Իր հերթին Իրանը հաղորդել է, որ Իսրայելին նոր հրթիռային հարված է հասցրել մարտի 3-ի երեկոյան։ Ըստ Fars գործակալության՝ ԻՀՊԿ-ն նշել է, որ թիրախների թվում եղել են Իսրայելի ցամաքային զորքերի գլխավոր շտաբը և Հաքիրյայում գտնվող անվտանգության նախարարությունը։
Բացի այդ, ըստ The Associated Press գործակալության՝ Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի հետ առնչվող թիրախների ուղղությամբ։ Նշվում է, որ թիրախում հայտնվել են ամերիկյան երկու ռազմանավ, Իրաքում թիրախավորվել է Էրբիլը, իսկ Քուվեյթում՝ երկու ռազմակայան։



